15:18 , 7 մարտ, 2014
Եթե հիմա տեղի ունենային նախագահական ընտրությունները, ուկրաինացիները նախագահ չէին ընտրի հեղափոխությանը մասնակից կուսակցությունների ղեկավարներին ու ազգայնականներին։
Այս իրողությունը գալիս է հերքելու ռուսական քարոզչության ձևավորած երկու միֆ, որ իբրև թե Մայդանն արևմտյան դավադրության ծնունդ է կամ, որ նացիստների ու ֆաշիստների բույն է։
Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ունի ընդամենը տաս տոկոս վարկանիշ և պետք է գոհանա, որ հեղափոխության շնորհիվ հայտնվել է ազատության մեջ ու իր կուսակիցներին տեղավորել է առանցքային պաշտոններում։
Հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ժողովրդականությունը մի քիչ ավելի մեծ է, բայց նա էլ չի ձգում նախագահի պաշտոնին։
Մայդանի ազգայնական գործիչների՝ Օլեգ Տյագնիբոկի և Դիմիտրի Յարոշի վարկանիշները չի հասնում անգամ հինգ տոկոսի։
«Սոցիս» հետազոտական կենտրոնի հարցումների ֆավորիտն ընդդիմադիր օլիգարխ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է։ Մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նրա օգտին պատրաստ է քվեարկել ամեն հինգերորդ ուկրաինացին` ավելի հստակ` ընտրողների 21.2 տոկոսը: Forbes հանդեսի ուկրաինական տարբերակի տվյալներով՝ Պորոշենկոյի անձնական կարողությունը կազմում է մոտ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Նրան են պատկանում շոկոլադե կոնֆետներ արտադրող Roshen ընկերությունը, Յանուկովիչի իշխանության օրոք խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 5-րդ հեռուստաալիքը, ինչպես նաև «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ արտադրող գործարանը:
Ի դեպ, հետսովետական տարածքում օլիգարխների քաղաքականացման հետաքրքիր միտում է նկատվում. Հայաստանում, Ուկրաինայում, այլուր մարդիկ փնտրում են իրենց Ւվանիշվիլուն։