14:12 , 7 մարտ, 2014
Tert.am-ը գրում է.
14.15
Ցուցարարներն այս պահին Տիգրան մեծ պողոտայով շարժվում են դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ թմբուկների և սուլիչների ձայների ուղեկցությամբ: Ցույցի մասնակիցների շարքերն ավելացել են:
14.10
Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» խմբի անդամները բարձրախոսով հայտարարեցին հրապարակով դեպի Ոստիկանություն շարժվելու մասին, սակայն Վալերի Օսիպյանը նրանց ընդհատեց ասելով, որ երթը և մնացած գործողությունները հակաօրինական են, քանի որ արտոնված չեն:
«Ինքնաբուխ» բառը վրդովեցրեց ոստիկանապետին, ով հայտարարեց՝ «Ինքնաբո՞ւխ… Դուք գիտե՞ք օրենքը, ընդհանրապես պատկերացում ունե՞ք»:
Հընթացս խոսակցությունն ավելի թեժ դարձավ, քանի որ Վալերի Օսիպյանը բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի արտահայտությանն ի պատասխան ասաց՝ «Ես էնքան կամ, որ դուք պատկերացում չունեք»։
Նա նկատողություն արեց լրագրողներին, ասելով, որ եթե ոմանք «բաջեր» չեն կրում, ապա իրավունք չունեն հայտարարելու, որ լրագրող են:
13.55
Այս պահին ցույցի մասնակիցների և Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում են: «Սահմանադրությունն ի՞նչ է ասում, որ իրավունք ունեք խախտելու այլոց իրավունքնե՞րը»,- հարցրեց Վալերի Օսիպյանը:
Ցույցի մասնակիցները, որոնք խոսում են Օսիպյանի հետ հայտարարեցին, որ կա՛մ նրանք կազատեն բերման ենթարկված իրենց ընկերներին կա՛մ բոլորով գնում են ոստիկանություն՝ ազատելու իրենց ընկերներին:
13.45
Ողջ ընթացքում մշտական հրմշտոց է ոստիկանների և մարդկանց միջև, անընդհատ լսվում են կանանց ձայներ՝ «մի հրեք»:
Կանանցից մեկն էլ հայտարեց, որ ոստիկանության ներկայուցուցիչները հատուկ հրմշտոց են սարքում, որպեսզի մարդկանց բերման ենթարկեն:
«Սիվիլնեթ»-ի լրագրողը ուղիղ եթերից հայտարարեց, որ ոստիկանները սկսել են խոչընդոտել նաև լրագրողների աշխատանքը հատկապես «թեժ կետերում»:
13.33
Ֆիննախի դիմացից 2 ակտիվիստի են բերման ենթարկել
Հենց նոր նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում «ամբոխավարություն» է, ոչ թե երկխոսության առաջարկ։ Ի պատասխան հարցի, թե «ինչու չի իջնում նախարարը», Ֆիննախի ներկայացուցիչն ասաց՝ բայց ինչո՞ւ պիտի իջնի ամբոխավարության…», սակայն նրան ընդհատեցին խոսքերով՝ «սա ամբոխ չի, սա ժողովուրդ է»:
Քիչ առաջ երկու ակտիվիստի ոստիկանները բերման ենթարկեցին, բայց նրանց թիվը շարունակ աճում է:
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են մեծ քանակությամբ մետաղադրամներ, որոնք այս պահին սփռված են այն վայրում, ուր ոստիկանները շարք են կազմել:
13.28
Քիչ առաջ ցույցի մասնակիցներին մոտեցավ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով փորձում էր համոզել, որ կուտակային կենսաթոշակների մասին իրենց դիրքորոշումները սուբյեկտիվ են, սակայն նրանք սուլում են և պահանջում, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գա և բացատրություններ տա:
Նախարարության ներկայացուցչը հեռացավ և այժմ բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են նախարարին:
Ցուցարարները պահանջում են ֆինանսների նախարարին
Ոստիկանները, փակ շղթա կազմած, թույլ չէին տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին անցնել մայթը և մոտենալ նախարարության շենքին, սակայն վերջիններս հրեցին նրանց և անցան փողոցը:
Այս պահին ոստիկանները պաշարել են նախարարության մուտքը և թույլ չեն տալիս մուտքին մոտենալ: Ցուցարարները «ա-մոթ», «ա-մոթ» կոչերով փորձում են հաղթահարել այս արգելքը ևս: Նրանք նաև պահանջում են, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն իջնի և լսի իրենց։
Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» է նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:
«Դեմ ենք մեր փողերի արտագաղթելուն», «Մենք ենք տերը մեր աշխատավարձերի» պաստառներով նրանք այս պահին նախարարության դիմաց են:
Նախաձեռնության անդամներից Tetr.am-ին փոխանցեցին, որ պատրաստվում են ֆլեշ-մոբ անցկացնել՝ վեր պարզելով թղթադրամներ, որոնց վրա գրված է «Դ!ԵՄ ԵՄ» պարտադիրին:
Թմբուկների զարկերով նրանք այս պահին իրականացնում են բողոքի ակցիան։
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի ժամանակ, քիչ առաջ մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց, որը կանխվեց ոստիկանների կողմից։ Նա նախ ներկաներին ցույց տվեց սովետական տարիներին բանկերում իր խնայողությունների կտրոնները, ապա փորձեց իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները նրան մեկուսացրին։
Ուղիղ եթերը՝ Civilnet.am