14:00 , 7 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է «Վերահսկիչ պալատի մասին օրենքում» ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած փոփոխություններին։ Նախարարի խոսքով՝ ՎՊ–ն պետք է կատարի իր հիմնական առաքելությունը՝ իրականացնի պրոֆեսիոնալ աուդիտ, վերահսկողություն և դրա արդյունքում հայտնաբերված խախտումները դարձնի Ազգային ժողովի և հանրության սեփականությունը՝ զերծ մնալով արձանագրված փաստերին իրավական և քաղաքականը գնահատականներ տալուց:
– Պարոն Թովմասյան, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունն ընդունեց «Վերահսկիչ պալատի մասին օրենքում» ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները: Մինչ այդ, օրենքի փոփոխությունների, դրանց անհրաժեշտության և դրդապատճառների վերաբերյալ մամուլում տարբեր տեսակետներ և մեկնաբանություններ հրապարակվեցին: Խնդրում եմ պարզաբանեք նախ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:
- Նախ ուզում եմ նշել, որ գործող օրենքում կարգավորված չեն մի շարք առանցքային հարցեր, ինչն էլ պրակտիկայում բազմաթիվ տարընթերցումների տեղիք էր տալիս: Մասնավորապես, օրենքում չկա ֆինանսական վերահսկողության միջազգային չափանիշներով սահմանված մի շարք կարևոր դրույթներ: Իսկ այդ չափանիշների համաձայն վերահսկիչ պալատի տարեկան, ինչպես նաև ընթացիկ հաշվետվություններում, պալատի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, ելույթներում չպետք է լինեն իրավական կամ քաղաքական գնահատականներ: Հաշվետվությունները պետք է սահմանափակվեն փաստի վերհանմամբ և հայտնաբերված խախտումների գրառմամբ, ինչն ինչպես ասացի նախատեսված չէ գործող օրենքով:
Բացի դրանից, միջազգային նշված չափանիշներով նախատեսված է, որ հաշվետվություններին պարտադիր պետք է կցված լինեն վերահսկվողի ներկայացրած առարկությունները կամ առաջարկությունները: Իհարկե, նման դրույթ կա գործող օրենքում, սակայն այն իմպերատիվ չէ և ուղղակի նախատեսում է վերահսկվողի առարկությունները հաշվետվությունում ներառելու հնարավորություն: Այնինչ, անհրաժեշտ է, որպեսզի օրենքում հստակ ամրագրված լինի, որ վերահսկվողի առարկությունները կամ առաջարկությունները պարտադիր պետք է ներկայացված լինեն: Օրենքում մի շարք այլ բացթողումներ և թերի կարգավորված դրույթներ էլ կան, ուստի հաշվի առնելով այդ բոլորը ներկայացվեց փոփոխությունների այս փաթեթը, որով առաջարկվում է նախ սահմանել, որ վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, կամ այլ հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ:
Միաժամանակ նախագծում սահմանվում է, որ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ: Նշված ժամկետից առաջ կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկիչ պալատը համապատասխան նյութերը պետք է ներկայացնի իրավապահ մարմիններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ