Ղրիմյան ինքնորոշման ու ռուսական կայսերականության միջև


13:51 , 7 մարտ, 2014

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է նշանակված թերակղզու կարգավիճակի, ավելի ստույգ՝ Ռուսաստանին միանալու օրակարգով։
Հանրաքվեն, ըստ էության, ձևական է, որովհետև երեկ Ղրիմի Գերագույն խորհուրդն որոշում է ընդունել Ռուսաստանին միանալու մասին։
Կրեմլում այս հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, Ղրիմի բնակչության 12 տոկոսը կազմող թաթարները, պաշտոնական Կիևը, արևմտյան երկրները շտապել են ոչ լեգիտիմ համարել նշանակված հանրաքվեն։


Ղրիմի խորհրդարանականների որոշումը տեղի ունեցավ Ռուսաստանի ու ԱՄՆ–ի արտգործնախարարների ձախողված հանդիպումների ֆոնին, երբ Վաշինգտոնում հայտարարեցին, թե վիզային սահմանափակումներ են սահմանում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց գործունեությունը միտված է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, իսկ Բրյուսելից հայտարարվեց, թե Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է մինչև այդ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը։
Պատմականորեն Ղրիմի ռուսական պատկանելիությունը դժվար է հերքել. թերակղզին Ուկրաինայի կազմում է հայտնվել կոմունիստական ղեկավարության կամայական որոշման հետևանքով։
Այսօրվա Ղրիմի հասարակության կողմնորոշումներն ևս ռուսամետ են, Սևաստոպոլում է գտնվում ռուսական ռազմական նավատորմը։
Մի խոսքով, Ղրիմն ավելի շատ պատկանում է ռուսական, քան՝ ուկրաինական քաղաքակրթական մշակույթին։
Այս առումով նույնպես՝ հանրաքվեի արդյունքները կանխատեսելի են։
Այլ խնդիր է, որ ընտրված պահն ու հանգամանքները հուշում են, որ, տվյալ պահին, գործ ունենք ոչ թե ղրիմցիների ինքնորոշման, այլ այդ իրավունքի՝ ռուսական կայսերական շահերին ծառայեցման իրողության հետ։
Ինքնորոշումն, առաջին հերթին, մարդու կամքի, ազատությունների դրսևորումն է։ Դժվար է պատկերացնել, որ ղրիմցին՝ անկախ պատմական իրողություններից, իր ապահովությունը փնտրում է ոչ թե դեմոկրատացող Ուկրաինայում, այլ՝ տոտալիտար Ռուսաստանում։
Ռուսաստանն ինքն ունի տասնյակ ղրիմներ ու կրկին դժվար է պատկերացնել, որ կայսրությունը դարձել է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ջատագով։
Հետո, Ղրիմի հանրաքվեն չի կարող ազատ կամարտահայտություն համարվել, քանի դեռ ռուս զինվորականները չեն վերադարձել Սևաստոպոլի զորանոցներ։
Ինչևէ, Ղրիմի հանրաքվեն դառնալու է ուկրաինական նոր լարվածության օջախ՝ առնվազն ռուս-թաթարական բախումներ հրահրելով թերակղզում։
Սակայն կայսրություններում մարդկային ճակատագրերն արժեք չունեն…