10:04 , 7 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինական զարգացումներից հետո աշխարհում այլևս կենսունակ չեն հին կապերն ու հին մոտեցումները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ուկրաինական զարգացումներին և խոսակցություններին, թե Ղրիմը կարող է բարենպաստ նախադեպ լինել Ղարաբաղի համար:
Նա նշեց, որ Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել տարբեր հարթություններում: Դրանցից մեկն, ըստ նրա, այն է, որ միջազգային հարաբերություններում ստեղծվում են իրավիճակներ, որտեղ անգամ ՌԴ նախագահն է սկսում խոսել ինքնորոշման մասին՝ դրա վրա կառուցելով իր քաղաքականությունը: «Մենք տեսնում ենք, որ նպատակներ կան Ուկրաինայի հետ կապված խնդիրները լուծել՝ հիմնվելով այս թեզի վրա»,- նկատեց Սարգսյանը:
Վերլուծաբանն ասաց, որ միջազգային հարաբերություններում խորքային գործընթացներ են գնում, և ասել, թե դրանք կապված են միայն Ռուսաստանի հետ՝ ճիշտ չի լինի, իսկապես ռադիկալ փոփոխություններ են գնում: Նա նշեց, որ դժվար է նույնիսկ ասել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կկարողանա՞ արդյոք ապագայում աշխատել այնպես, ինչպես այսօր, քանի որ խոր տարաձայնություններ կան Արևմուտքի և ՌԴ-ի միջև:
«Աշխարհում այլևս կենսունակ չեն հին կապերն ու հին մոտեցումները, դրանք այլևս ոչ մի ազդեցություն չունեն: Ի դեպ, իզուր չէր նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխվելու են: Դժվար է հասկանալ՝ ինչ նոր հարաբերություններ կարող են լինել, բայց նոր համակարգեր պետք է ձևավորվեն, այդ թվում՝ անվտանգության նոր համակարգեր: Դա չի նշանակում, որ ամեն ինչի մեջ գոյություն ունի միայն հակադրություն»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:
ՌԱՀՀԿ ղեկավարն ասաց, որ իրականում այս գործընթացները շատ ավելի բարդ ձևով են անդրադառնում այս կամ այն խնդրի վրա, քան պարզապես իրադարձությունների անմիջապես պրոյեկտումն է:
«Այս իրավիճակում չափազանց պարզունակ կլինի ասել, որ եթե Ղրիմը անջատվի Ուկրաինայից և միանա Ռուսաստանին, ապա դա հօգուտ Ղարաբաղի է, քանի որ խնդիրները դիտարկվում են ազգային շահերից ելնելով, ապա այստեղ ուղիղ կապեր չեն կարող լինել»,- նշեց Մանվել Սարգսյանը: