09:23 , 7 մարտ, 2014
«Օրեր առաջ ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տեղամասի աշխատակիցներից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ վաճառքի և անվանափոխության հետ է կապված։ «Սեփական» դիմումի համաձայն աշխատանքից ազատված աշխատակիցն ասաց, որ տեղամասի ղեկավարությունը ժողով է արել և հայտարարել, թե դիմում կգրեք, իսկ հետո, երբ գործարքն ավարտվի, ու անվանափոխությունը լինի-վերջանա, նորից կվերականգնվեք։ «Շատ անորոշ վիճակ է։ Մեր անհանգստությունն ինչ-որ չափով փարատելու համար տնօրենն իբր սփոփեց, ասաց, որ մենք շահում ենք, որովհետև կլորիկ վերջնահաշվարկ ենք ստանալու։ Հետո էլ կվերականգնվենք ու մենք շահեկան դուրս կգանք»,-իրավիճակը ներկայացրեց ազատված տեսուչներից մեկը։
ՀէՑ «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանին զարմացրեց ընկերության վաճառքի և անվանափոխության, ինչպես նաև տեսուչների՝ աշխատանքից ազատվելու մասին լուրը։ «Դա նույնն է, թե ասեք՝ ոստիկանությունը վաճառվում է»,–ասաց մասնաճյուղի պատասխանատուն։ Ըստ որի՝ հաստիքների ազատման և նշանակման հարցում տեղամասերը որևէ իրավասություն չունեն։ «Բոլոր դիմումներն իմ մոտ են գալիս, իսկ ես որևէ մեկից ազատման դիմում չեմ ստացել»,–գրում է թերթը։