Այսօր Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Միքելանջելոյի ծննդյան օրն է


00:55 , 7 մարտ, 2014

Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Բուոնարոտի Միքելանջելոն ծնվել է 1475 թվականին Կապրեզե քաղաքում: Միքելանջելոն 13 տարեկանում աշակերտել է անվանի նկարիչ Դոմենիկո Գիռլանդայոյին, իսկ 1489–90 թթ-ին՝ քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիին: Նրա արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Ջոտտոյի, Դոնատելլոյի և Մազաչչոյի ստեղծագործություններն ու անտիկ քանդակագործությունը: Միքելանջելոն 17 տարեկանում մարմարից կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որտեղ արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը: 1498-1501 թթ.-ին ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է. Տիրամայրը՝ անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն:

«Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») 

1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը` 5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

File:Michelangelos David.jpg

«Դավիթ»

Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Նա իր բոլոր մոնումենտալ գործերն ստեղծել է առանց օգնականների: Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի ավելի քան 600 մ2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած, նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին: Տարիներ անց՝ 1536–41 թթ-ին, Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը:

Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ. նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546 թ-ից մինչև կյանքի վերջը նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոններ (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո` նրա նախագծերով): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է Սբ Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան:

Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ-ին: