Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել միջազգային հանրային կարծիքը. Նալբանդյանը՝ Ժնևում


00:09 , 7 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ և ներկայացրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Նալբանդյանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ անտեսելով և հակադրվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է համապաստախան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել իր և միջազգային հանրային կարծիքը։ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ այդ նպատակով որոշ երկրներում, տարբեր միջոցների դիմելով, Ադրբեջանը փորձեր է կատարում հիմնախնդրի վերաբերյալ շինծու հայտարարություններ անցկացնել, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված համանախագահների ջանքերին։ 

Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները երկու երկրների միջև, Երևանում և Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրել։