Պուտինը ՌԴ-ի Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ղրիմի խորհրդարանի որոշման շուրջ


16:46 , 6 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ «խորհրդակցությանը քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը, այդ թվում՝ մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշման հաշվառմամբ»:

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ-ի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության համերկրային ծառայության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱՀԾ-ի ղեկավար Նիկոլայ Բորտնիկովը, Արտաքին հետախուզության խորհրդի տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գռիզլովը:

Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնության կազմ ինքնավարության՝ որպես ՌԴ-ի սուբյեկտի մտնելու մասին:

Այդ հարցի շուրջ հանրաքվեն Ղրիմում նշանակվել է մարտի 16-ին. ավելի վաղ հանրապետությունում հանրաքվեի անցկացումը պլանավորված էր մարտի 30-ին: Հանրաքվեի է դրվում երկու հարց.

1. Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով:

2. Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրության գործողության վերականգնմանը և կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես Ուկրաինայի բաղկացուցիչ մասի կարգավիճակին:

Նիստի ընթացքում Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել դիմել ՌԴ-ի ղեկավարությանը «Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու ընթացակարգ սկսելու» խնդրանքով: