Թուրքիան կփորձի Արևմուտքի և Ռուսաստանի մոտ խաղարկել Ղրիմում թաթարական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես դերակատար


19:16 , 4 մարտ, 2014

Ղրիմում տեղի ունեցող զարգացումների հետ կապված թուրքական լրատվական ու վերլուծական շրջանակներում, հասարակական-քաղաքական շրջանակներում դրսևորվում են հակառուսական տրամադրություններ: Ազգայնական քաղաքական-հասարակական շրջանակների կողմից կոչեր են հնչում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Թուրքիայի միջոցով Ղրիմում «կայունարար գործողությունների» վերաբերյալ: Մի մասն էլ գտնում են, որ Թուրքիան Ղրիմի ճգնաժամի հետ կապված հստակ անելիքներ ունի` հատկապես որպես տեղի թաթարների անվտանգության երաշխավոր: 
Իհարկե, Թուրքիայում հստակ քայլեր են արվում Ղրիմի թաթարական գործոնի դերը մեծացնելու ուղղությամբ, թե ներքին, թե արտաքին մակարդակում: Թուրքիան իրեն է վերապահում թաթարների անվտանգության երաշխավորի դերը, սակայն Թուրքիայի իրական գործողությունների, ինչ ձևաչափով էլ լինի, հնարավորությունները սահմանափակ են: Թուրքիան կփորձի թե Արևմուտքի, և թե Ռուսաստանի մոտ խաղարկելու թաթարական գործոնը, իրեն ներկայացնելու որպես դերակատար, սակայն դեռևս ոչ ավելին: Թուրքիայի կողմից «թաթարական գործոնի» շահարկումը կմեծացնի առանց այդ էլ լարված իրավիճակը և այն կունենա ապակայունարար դերակատարություն: