Օրակարգում կամավոր իշխանափոխության հարցն է


13:07 , 4 մարտ, 2014

ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտիմեկյան հանրահավաքում` անկախ նրա արտահայտած ընդունելի կամ անընդունելի ձևակերպումներից, ինչպես միշտ, հասարակական-քաղաքական մակարդակում հետաքրքրություն առաջացրեց:

Մի կողմից, ցանկություն կա այդ հայտարարություններին մոտենալ որպես առաջին նախագահի ելույթի կամ ուղղակի որպես քաղաքագիտական վերլուծության, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը նաև ընդդիմադիր ուժի ղեկավար է, այնուամենանիվ, անհրաժեշտություն կա վերլուծելու նրա որոշ ձևակերպումներ:

«Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին»,- նշել է առաջին նախագահը:

Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանն ամեն կերպ փորձում է ուղիղ տեքստով իր համաձայնությունը չհայտնել Մաքսային միությանը միանալու որոշման առնչությամբ, ինչը Կոնգրեսի դեմ քննադատությունների լրացուցիչ ալիքի կհանգեցնի, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի երեք նախագահների դիրքորոշումը ՄՄ անդամակցության հարցում համընկնում է:

Հակառակ դեպքում Տեր-Պետրոսյանի ձևակերպումը մեկ այլ հարցադրման է բերում. եթե ՄՄ անդամակցությունն անշրջելի է, ու ոչինչ պետք չէ ձեռնարկել դրա դեմ, ապա ինչո՞ւ անշրջելի չհամարել 2012-13 թվականների ընտրական ցիկլը ու պատրաստվել հերթական ընտրությունների:

Իրավացի է Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է իշխանության նկատմամբ հասարակության անվստահության կամ դժգոհության մասին, սակայն այս պարագայում անհրաժեշտ է զուգահեռաբար նշել ընդդիմադիր ու առհասարակ քաղաքական ուժերի նկատմամբ հասարակության` առնվազն անտարբերության մասին. իսկ ավելի կոնկրետ, քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության ապատիկ տրամադրությունների մասին:

Երբ առաջին նախագահը խոսում է «ավելի ու ավելի կազմակերպված, հետևողական ու զանգվածային բնույթ ձեռք բերող քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների մասին», դա իշխանության տարբեր գործիչների հնարավորություն է տալիս խոսելու Հայաստանում արմատացող ժողովրդավարական գործընթացների մասին: Ի վերջո, ավտորիտար համակարգ ունեցող երկրներում նման նախաձեռնությունները կայանալու հնարավորություն չէին ստանա:

ՀԱԿ ղեկավարի ռևերանսները` ուղղված ԲՀԿ ղեկավարին, խոսում են այն մասին, որ Կոնգրեսում քաղաքական պայքարի շրջանակներում առաջնորդվում են` նպատակն արդարացնում է միջոցները հայտնի սկզբունքով:

Մեկ կարևոր հարցադրում ևս. ինչպե՞ս է պատկերացնում առաջին նախագահը երկրում «խաղաղ իշխանափոխությունը»` նույնիսկ ԱԺ ոչ իշխանական ուժերի միասնական օրակարգ ձևավորելու պարագայում:

«Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք»,- իր ելույթում նշել է Տեր-Պետրոսյանը` ակնհայտորեն մերժելով իշխանափոխության հասնելու կտրուկ ու արյունալի ճանապարհը:

Իսկապես կարևոր է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերին շատ դեպքերում հաջողվում է մի շարք նախաձեռնությունների հարցում միասնականություն դրսևորել` դեմ քվեարկելով խորհրդարանական մեծամասնության որևէ օրինագծի (չնայած այն օրինագծի ընդունման հարցում դեր չի խաղում), սակայն ոչ այդ գործոնը, ոչ էլ 10-15-հազարանոց հանրահավաքներն ընդդիմության համար այնպիսի ճնշում չեն ապահովում, որը կստիպի իշխանությանը` կամավոր կերպով զիջել իշխանությունը: Առավել ևս, որ արտաքին խաղացողներն առանձնապես շահագրգռություն չեն դրսևորում այդ հարցում: