ԱՄՆ-ը 11 ժամ է տվել Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի տարածքից զորքերը դուրս բերելու համար. Պավել Նուս


17:35 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Քաղաքական վերլուծաբան Պավել Նուսը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տրամադրության տակ ունի 11 ժամ՝ Ուկրաինայի տարածքից զորքերը դուրս բերելու համար: Նուսի խոսքերով՝ 11 ժամ հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է որոշում կայացնի Ռուսաստանի նախագահի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ հայտարարել է, որ միջոցների ցանկում կարող է ներառվել նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության ռազմական պաշտպանությունը, ինչպես նաև հումանիտար և ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինայի ռազմածովային և զինված ուժերին:

Նուսի կարծիքով՝ համաշխարհային հանրությունը չի ընկալել Ռուսաստանի ագրեսիայի դրսևորումն Ուկրաինայի հանդեպ: Այդ պատճառով Պուտինն այսօր կարող է կորցնել ոչ միայն իր հեղինակության մնացորդները, այլ նաև ամբողջ երկիրը՝ գոյություն ունեցող տարածքի սահմաններում: Վերլուծաբանը նաև նշել է, որ ՌԴ-ի ապաինտեգրումն արդեն փաստացիորեն գործարկվել է: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Նուսի կարծիքով՝ վերջինս հենց վաղը իրավական գնահատական կտա Ռուսաստանի նախագահի բոլոր գործողություններին:

Նա նաև ընդգծել է, որ ՄՄ անդամ հանդիսացող Բելառուսը կլինի առաջին երկիրը, որ դուրս կգա այդ միջպետական միությունից: Նրա խոսքերով՝ եթե Լուկաշենկոն նման որոշում կայացնի, ապա կստանա ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքական և ֆինանսական օգնությունը: Նուսը հավելել է, որ այսօր յուրատեսակ հնարավորություն է ընձեռվել՝ ձևավորելու հյուսիսարևելյան հակապուտինյան կոալիցիա՝ Լեհաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մասնակցությամբ: