Ռուսաստանի նոր օրենքով մոտ 220 հազար հայ տուժում է


16:23 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

«Ռուսաստանը միգրանտների այս օրենքով երկու խնդիր է փորձում լուծել: Առաջին՝ իր հանրությանը ռևերանս անել, երկրորդ՝ պատգամ հղել այն երկրներին, որոնք գտնվում են մեր երկրի իրավիճակում, և որոնք Մաքսային միությանն անդամագրվելու ուղին են բռնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ՝ միգրանտների վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններին:

Նրա խոսքով՝ այսօրվա Ռուսաստանը չի կարող գոյատևել առանց միգրացիայի․ «Դրա անհրաժեշտությունը բխում է Ռուսաստանի տնտեսական, նաև ժողովրդագրական իրավիճակից: Մահերի թիվը գերակշռում է ծնունդների թվին, ինչի հետևանքով փոխվում է բնակչության սեռատարիքային կազմը, սկսում է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի բացարձակ նվազում, և այդ պատճառով նրան միգրանտներ պետք են»,-նկատեց Եգանյանը:

Բանախոսի հավաստմամբ՝ այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտքը Ռուսաստան մոտակա 3-5 տարիների ընթացքում արգելափակված է, բացի դրանից՝ մոտ 170 հազար մարդ, այսօր գտնվելով Ռուսաստանում, արդեն խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը, և երբ նրանք հայտնվեն որոշակի մարմինների տեսադաշտում, նրանց մուտքը Ռուսաստանում ևս կարգելափակվի»:

Եգանյանը հավելեց, որ եթե նույնսիկ հիմա օրենսդրական փոփոխություններ լինեն, այդ մարդիկ կշարունակեն մնալ «պատժված»․ «Ընդհանուր հաշվարկով, մոտ 22 հազար մարդ այսօր խնդիր ունի: Նրանք Հայաստան գալով՝ չեն կարողանա նորից գնալ Ռուսաստան՝ աշխատելու համար: Գարնան կողմերը մենք կունենանք այդ մարդկանց զանգվածը, որոնց աշխատանք և նրանց ընտանիքը պահելու միջոցներ են պետք: Մենք էլ չունենք, այդ թվում՝ աշխատատեղեր: Լավագույն դեպքում Զբաղվածության կենտրոնը մի 5000 աշխատատեղ կարող է ապահովել, այն էլ բոլորդ շատ լավ գիտեք, թե ինչ աշխատավարձով»:

Բանախոսն ընդգծեց, որ Ռուսաստանում տարածվել է այն առասպելը, որ միգրացիան և միգրանտները վատ երևույթ է, և դրա դեմ պետք է պայքարել: