15:50 , 3 մարտ, 2014
Բոլորն էլ լսած կլինեն «Շունը մարդու ընկերն է» հայտնի ասացվածքը: Որոշ մարդկանց համար շունն ընկեր է, իսկ այլոց համար էլ՝ պարզապես կերակրատեսակ: Հարավային Կորեայում ոչ մի շուն կամ կատու անվտանգության մեջ չէ: Այնտեղի «շնակեր» բնակչությունը ուտում է բոլոր տեսակի շների միսը՝ լինեն դրանք տնային, թե փողոցային, մեծ, թե փոքր, ազնվացեղ, թե խառնածին: Նույնը վերաբերում է նաև կատուներին: Բազմաթիվ կորեացիներ եռացնում են կատուներին և ուտում նրանց: 1998 թ.-ին Հարավային Կորեայում կար ավելի քան 20.000 ռեստորան, որտեղ շան միս էր մատուցվում: Դրանցից 6484-ը պաշտոնապես գրանցված էին հենց որպես շան միս մատուցող ռեստորաններ: 1999 թ.-ին BBC-ն հաղորդեց, որ տարեկան կտրվածքով 8500 տոննա շան միս էին ուտում:
Պատկերն այսպիսին է եղել 1998 թ.-ին: Դրանից հետո բնակչության թիվը կտրուկ աճել է, ինչի հետևանքով ընդլայնվել է նաև շան մսի շուկան: Հենց այդ պատճառով էլ ներկայիս վիճակագրական տվյալները պետք է որ շատ ավելի շոկային լինեն: Հարավային Կորեայի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ օտարազգիներին համոզելու համար, որ Կորեայում միայն մի ցեղատեսակի շուն են ուտում: Նրանք պնդում են, որ նյուրոնգի (հայտնի նաև հվանդու անունով) ցեղատեսակին պատկանող շներին բազմացնում են միայն նրանց մսի համար: Կորեացիները նշում են, որ սրանք խառնածին շներ են և տարբերվում են տնային շներից:
Այնուամենայնիվ, սա համոզիչ արդարացում չէ: Ցանկացած տեսակի շուն սպանելը դաժանություն է: Բացի այդ, Կորեայի շների 85 %-ը խառնածին շներ են: Մորան մարկետում՝ Հարավային Կորեայի կատվի և շան մսի գլխավոր շուկայում, տնային ազնվացեղ կատուներն ու շները վաճառվում են իբրև սննդամթերք: Ականատեսների վկայությամբ՝ եղել են դեպքեր, երբ շան տերերն իրենց սեփական շներին վաճառել են այս շուկայի մսագործներին և, շան դիմաց համապատասխան գումարը ստանալով, հեռացել շուկայից:
Շան միս ուտելն այնքան ընդունված ավանդույթ չէ, որքան Հարավային Կորեայի «շնակեր» բնակչությունը կցանկանար: Անգամ կորեացիների մեջ կան այնպիսի բնակիչներ, ովքեր դեմ են շան ու կատվի մսի առևտրին և առհասարակ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին: Կան և այնպիսի կորեացիներ, ովքեր չեն ուտում շան ու կատվի միս, սակայն կարծում են, որ արտասահմանցիները չպիտի խառնվեն այդ ամենին, քանի որ դա նրանց գործը չէ: Կորեայի բնակչության զգալի մասը թքած ունի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների կարծիքի վրա: Այս կորեացիներից շատերը ցանկանում են ողջ աշխարհով մեկ գովազդել շան ու կատվի միսը:
Շան մսի առևտրով զբաղվողները սկսեցին առանձնակի բուռն գործունեություն ծավալել 2002 թ.-ին, երբ Կորեայում ու Ճապոնիայում անցկացվեց ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը: Շան միս վաճառողները ցանկանում էին անգամ իրենց վաճառասեղանները տեղադրել մարզադաշտի մուտքի մոտ: Զարմանալի չի լինի, եթե նույնպիսի իրավիճակ ստեղծվի 2018 թ.-ին, երբ Կորեայում անցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը: Ակտիվիստների ջանքերով ստեղծվել է շների և կատուների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ պայքարող ակտիվիստների ցանց: Այս ցանցի անդամները ներդնում են իրենց բոլոր ուժերը շան մսի առևտուրը դադարեցնելու համար: Ակնկալվում է, որ 2018 թ.-ին ևս նրանք հզոր հակահարված կտան շան մսի վաճառականներին: