13:43 , 3 մարտ, 2014
Էլվինայի հետ ծանոթացա իմ ուսանողական տարիներին: Անշուշտ, մանկուց գիտեի նրան, իր ձայնը և շատ էի սիրում, հեռուստացույցով նայում, հիանում էի, բայց չէի պատկերացնում, որ մի գեղեցիկ օր Էլվինան ինձ կզանգահարեր: Այդ ժամանակ նա մի երիտասարդ երաժիշտ էր փնտրում, ով կօգներ իր երգերի նվագակցության ու գործիքավորման հարցերում: Շատ լավ եմ հիշում այդ օրը, երևի 19-20 տարեկան էի, ոչ ավելի (1982-83թթ.), ու ինձ համար մեծ հաջողություն էր այն, որ Էլվինա Մակարյանն ինձ իր մոտ էր կանչել: Ծանոթացանք ու միանգամից շատ ջերմ մթնոլորտ ստեղծվեց երկուսիս մեջ: Այդ օրը երևի մինչև կեսգիշեր մնացի Էլվինայի տանը: Շատ գործեր ինքը նվագեց, ես նվագեցի, միանգամից բռնկվեց մեր ներքին կապը, որն ուժեղ միություն դարձավ: Էլվինայի երկու երեխաներն էլ երգում էին՝ և Զառան, և Ռոմիկը:
Այդ համագործակցությունն ինձ համար շատ մեծ ոգևորություն էր, որովհետև չնայած այն բանին, որ ես դասական, ակադեմիական կրթություն էի ստանում մեր Կոնսերվատորիայում, իմ ամբողջ ուշքն ու միտքը հենց այդ ժամանակակից ժանրերն էին՝ փոփ, ջազ, իսկ այն ժամանակ Հայաստանում հատուկ դպրոց չկար: Ընդհանրապես Սովետական միության մեջ ջազն այդպես էլ, վերջնականապես, իր տեղը չգտավ:
Մի քանի ամսվա ընթացքում մի շարք երգեր ձայնագրեցինք, Էլվինայի կողմից գրված երգերն էին, դրանցից մեկը կոչվում էր «Մոնա-Լիզա», ռուսերենով շատ գեղեցիկ երգ էր: Էլվինան ինձ ասում էր՝ արի ռուսական կենտրոնական հեռուստատեսության համար երգեր ձայնագրենք:
Հիմա շատ հաճախ ստուդիայում երգիչները մի քանի անգամ երգում են, հետո համակարգչով նստում, սկսում են կտրտել, կպցնել, «ֆալշերը» դզել, այսինքն գրեթե ամեն ինչ անում է համակարգիչը, հետո համերգին էլ երգիչը բերանը բացել փակել է սովորում ու դա բավական է, որ արդեն համերգ տա: Գեղեցիկ զգեստներ են գնում, լույսերով փակում են ամեն ինչ ու դրա անունը դնում են «երգարվեստ» և գնում առաջ:
Այն ժամանակ լավագույն ստուդիան Ռադիոյի ստուդիան էր, որտեղ հնարավոր չէր կտոր-կտոր ձայնագրել, դրա մասին խոսք անգամ չկար: Այսինքն պետք էր երգը սկզբից մինչև վերջ ոչ միայն երգել, այլև բոլոր երաժիշտները պետք է նվագեին, «կոմպյուտերային» երաժշտությունը դեռևս չկար: Ամենաշատը կարող էինք ձայնագրել երկու կամ երեք շերտ, որովհետև ամեն մի շերտի հետ միասին ձայնագրության որակը մի աստիճանով ընկնում էր, ու որպեսզի այդ շերտերը խնայեինք, պետք է լավ պատրաստվեինք ձայնագրությանը: Նվագի մասը ձայնագրում էինք, երգի գլխավոր մասն էլ Էլվինան էր երգում, իսկ որպես ձայնակցող խումբ երգում էինք մենք՝ ես, Զառան (Էլվինայի դուստրը), Աշոտ Հախեյանը, ևս մի քանիսը:
Մոտավորապես տասը դուբլ արեցինք ու ամեն անգամ մեզնից ինչ-որ մեկը սխալվում էր, իսկ Էլվինան ծայրից ծայր համբերատար երգում էր՝ նույնությամբ ինչպես ձայնագրության մեջ, առանց հոգնելու կամ բողոքելու՝ իրեն հատուկ էմոցիայով: Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև անցան տարիներ, ողջ կյանքս նվիրեցի նաև պրոդյուսերական գործին, բայց մի այդպիսի արտիստ չտեսա, որ ապակու մյուս կողմը մտներ ու մեկ անգամից ծայրից ծայր, առանց որևէ խնդրի ողջ երգը երգեր ու ավարտեր ձայնագրությունը: Իհարկե, երիտասարդ շատ լավ արտիստներ կան, բայց նա, իրոք, սուպեր աստղ էր՝ իր «կալիբրով»: Նա եզակի էր: Վստահ եմ, որ եթե այդպիսի մեկը հիմա ծնված լիներ մեր անկախ Հայաստանում, իր տաղանդով կթռչեր աշխարհը կգրավեր:
Ես իմ առաջին լուրջ գործերը սկսել եմ Էլվինայի գրած երգերի վրա աշխատելով: Մեր համագործակցությունը եղավ որակական բավականին բարձր աստիճանի վրա գտնվող ու տևական: Էլվինան շատ էմոցիոնալ մարդ էր, իր հետ հարաբերությունները շատ արագ էին ընթանում ու զարգացում ստանում՝ մարդկային, ընկերական, երաժշտական, բոլոր առումներով: Ինքը կամ ընդունում էր դիմացինին, կամ ոչ: Էլվինան տանել չէր կարողանում միջակությանը, կարող էր ուղղակի մարդու երեսին ամեն ինչ ասել: Իր հետ շփվելը շատ դժվար էր իրեն չճանաչող ու անպատրաստ մարդու համար:
Էլվինայի մասին խոսելիս շատ քիչ է ասել, որ նա երգչուհի էր և սահմանափակվել այդքանով, որովհետև Էլվինան իսկական երաժիշտ էր: Իր ընդունակություններն անսահման էին: Ամեն օր ես մի նոր բան էի բացահայտում նրա մեջ: Օրինակ՝ նվագում էր մի տոնայնության մեջ ինչ-որ շատ բարդ ստեղծագործություն, հետո միանգամից նույնը կես տոն ցածր տոնայնությամբ, ապա մեկ այլ տոնայնությամբ, դա նրա ուղեղի ունիկալության մասին էր խոսում:
Այդ տարներին մենք շատ էինք երազում: Մարդ չի ծերանում, երբ կնճռոտվում է, մարդ ծերանում կամ մահանում է այն ժամանակ, երբ դադարում է երազել: Դա մարդու այն ունակությունն է, որն իրեն կենդանի է պահում: Մենք միասին երազում էինք, երազում էինք այդ տաղանդն ու մեր համագործակցությունը միջազգային ասպարեզ հանել, բայց այն ժամանակ մենք ազատ աշխարհում չէինք ապրում, չորս կողմը պատեր էին շարված՝ և ինֆորմացիոն առումով, և ֆիզիկապես:
Մեր համագործակցությունն ընդհատվեց 1988-ին, երբ սկսվեց շարժումը, երկրաշարժը, պատերազմը, ու մեր ծրագրերը հետին պլան ընկան:
1991թ.-ին գնացի Շվեյցարիա աշխատանքային պայմանագրով, Էլվինայի մոտ արդեն հնարավորություն էր ստեղծվել մեկնել ԱՄՆ որպես զբոսաշրջիկ (1989թ.-խմբ), այն ժամանակ արդեն դռները բացվել էին և ինքը կարողացավ վիզա ստանալ և տղայի հետ գնաց:
(Երբ արդեն ԱՄՆ-ում է լինում, պարզվում է, որ Հեռուստառադիոպետկոմում իրեն ազատել են աշխատանքից, - խմբ):
Այդ դեպքերից հետո Էլվինան կարողացավ ապրելու ու աշխատելու իրավունք ստանալ ԱՄՆ-ում այն առավելությունների հաշվին, որ Ամերիկյան կառավարության էմիգրացիոն ծառայությունն ընձեռում է արվեստի, սպորտի և գիտության ներկայացուցիչներին:
(Չնայած այդ ամենին` 1992թ-ին Էլվինան վերադարձավ ու երեք տարի Հայաստանում էր այն դժվար տարիներին- խմբ):
Էլվինան ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ ռեժիմն էր իշխում ու թելադրում և պետք էր էքստրեմիստ լինեիր, որովհետև այն ժամանակ Սովետական միության մեջ էստրադային, ջազային երգարվեստը գնում էր լրիվ ուրիշ ուղղությամբ ու դրա դեմ պայքարել պետք էր հենց այդպես՝ բոլորի ճակատին ճշմարտությունն ասելով, թե էս ինչ ես երգում կամ էսպես ով է երգում, բայց այսօրվա աշխարհում ով ինչ ուզում անում է, Աստված իրենց հետ, ես ասում էի նրան՝ մի նկատիր, երգում է, թող երգի, բայց Էլվինան չէր կարողանում այդ ամենի կողքով անտարբեր անցնել:
Երբ տղայի մահից հետո մի երկու անգամ այցելեցի Էլվինային, ես հասկացա, որ նա այլևս այն Էլվինան չէր: Տղայի մահը նրան շատ կոտրեց: Թող ոչ ոք չասի, թե ինքը պաշտպանված է այդպիսի երևույթից, այն ինչ կատարվեց Էլվինայի տղայի հետ սարսափելի բան էր: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ հրաշքով տղայի մահը չլիներ, իր կյանքը լրիվ ուրիշ ուղղությամբ էր գնալու, որովհետև անպայման ինչ-որ տեղից մի լույս բացվելու էր, անգլերեն նոր հրաշալի ալբոմներ էր թողարկելու, ուրիշ հայտնի արտիստների հետ էր համագործակցելու և այդ ամենի արդյունքում ավելի շատ մնայուն գործեր կստեղծվեին, վստահաբար: Էլվինայի՝ Ամերիկյան շուկայի համար գրված ալբոմը երբ լսեցի սքանչելի գործեր էին, մարգարիտներ:
Նա իր ժամանակի երգիչը չէր: Էլվինային կարող ես այնպիսի մեծերի կողքին դասել ինչպես Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը: Ինքը պարզապես այդ միջավայրի և ժամանակի համար չէր: Սա մի կենսագրություն է չափազանց տաղանդավոր մարդու անցած դժվար ճանապարհի մասին:
Ես վստահ եմ, որ շատերը ժամանակի ընթացքում ավելի շատ բան կսովորեն, նոր աչքերով կնայեն այն ժառանգությանը, որ մնացել է Էլվինայից հետո: