13:04 , 3 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցված ելույթին, մասնավորապես այն հատվածին, որտեղ վերջինս ասում է, թե Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է, ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ լինելուն: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, քաղտեխնոլոգն ասաց, թե դա քաղաքական տեխնոլոգիա է:
-Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցումն անշրջելի է, ոչ մի անշրջելի բան չկա, այլ խնդիր է, որ ես գուցեև համաձայնեմ նրա հետ այն հարցում, որ ա՛յս պահի դրությամբ է անշրջելի: Այս պահի դրությամբ, իհարկե՛, վիճակն այնպիսին է, որ ես էլ չեմ տեսնում, թե ոնց պետք է շրջել այն:
Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանը պետք է մտնի Մաքսային միություն, թե հետո ինչ կլինի՝ ոչ ոք չի կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմության, ՀԱԿ-ի առաջնորդն է այդպես ասել, ապա պետք է ասեմ, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հենց այդ եմ գնահատում, որ ինքն, ի տարբերություն շատերի, ավելի ռեալ է գնահատում իրավիճակը: Դա, երևի, փորձից է գալիս, դա, երևի, նրանից է, որ նա պոպուլիստական բաներ չի ասում:
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ չառաջարկեց ընդվզել Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ:
-Ընդվզում պետք է առաջարկի մարդը, ով դեմ է երևույթին ընդհանուր առմամբ: Հիմա եթե նա իր ամբողջ գաղափարախոսության մեջ, հատկապես վերջին մի քանի տարվա ելույթներում այդ մարդն անընդհատ ասել է, որ պետք է Ռուսաստանի հետ լինենք, հիմա ի՞նչ է, պետք է ասի, չէ, բաց թողեք, գնանք Եվրոպա՞ ու ինքն իրեն հակասի՞:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ