Մանկական մահացության նվազեցման նպատակով ՀՀ-ում կկիրառվի պնևմակոկային պատվաստանյութը. ՀՀ ԱՆ


12:00 , 3 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում պնևմակոկային պատվաստումների ներդրման մասին հարցի քննարկման ժամանակ ասել է, որ վերոնշյալ պատվաստման շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։

«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենանք թոքաբորբի և մենինգիտի նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ և որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման և այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,- ասել է նա։

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնևմակոկային վարակներով: Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է մինչև 20, իսկ մենինգիտների դեպքում՝ մինչև 50%-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ