Ռուսական «փուչիկը» կպայթի՝ ափսոս զոհերի գնով


09:35 , 3 մարտ, 2014

Մարդիկ կան, որոնց տեսակն երբեք չի փոխվում։ Այդ մարդկանց տեսակին է պատկանում Վլադիմիր Պուտինը։
Սոչիի օլիմպիադան ավարտվեց, ու Ռուսաստանի նախագահն այլևս ոչ միայն հումանիստ չէ, այլ նաև՝ օկուպանտ։
Ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա՝ «պաշտպանելու համար էթնիկ ռուսների կյանքը, ինչպես նաև Ղրիմում տեղակայված ռուսական ուժերի զինծառայողներին»։
Փույթ չէ, որ Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ոչ մի ռուսի իրավունք չի ոտնահարվել։ Կարևորն այն է, որ այդպես որոշել է Պուտինը։
Ի դեպ, ժամանակին Ադոլֆ Հիտլերն ևս «էթնիկ գերմանացիների» շահերի պաշտպանության մոտիվով կապիտուլացնում էր եվրոպական երկրները։
Մի անաստված բան ասեմ. ես նույնիսկ ուրախ եմ, որ Պուտինը նման խելացնոր որոշում կայացրեց։
Վատագույն սցենարի դեպքում՝ Ուկրաինայի ազատության համար կզոհվեն մարդիկ՝ իրենց թանկագին կյանքերով գրողի ծոցն ուղարկելով ռուսական իմպերիալիզմը։
Ազատության ձգտող յուրաքանչյուր մարդ այսօր ուկրաինացի է՝ անկախ ազգությունից, որովհետև սլավոնական այս ժողովրդին է վիճարկված փորել ռուսական նոր կայսրության փոսը։