09:07 , 3 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Երգչուհի Զեմֆիրան չէր կարող անտեսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները՝ երկիր, որը շատ սիրում է և որտեղ ապրում են նրա ընկերները: Այս մասին գրում է ուկրաինական viva.ua կայքը:
Իր պաշտոնական էջում Զեմֆիրան գլխավոր տեսանյութ է դարձրել Կիևում 2008 թվականին ունեցած իր ելույթը: Տեսագրությունը, որում երգչուհին ներկայացնում է «Океан Ельзи» խմբի «Відпусти» երգը և ջերմ խոսքեր է հնչեցնում Ուկրաինայի հասցեին, անհերքելի ապացույցն է այն բանի, որ երգչուհին լավ է տրամադրված Ուկրաինայի հանդեպ:
«Ռուսաստանում հնարավորություններն ու փողն են շատ, Ուկրաինայում՝ հոգին»,-ասել է երգչուհին:
Կայքը հիշեցնում է, որ Զեմֆիրան արդեն երկար ժամանակ է, ինչ ընկերություն է անում Սվյատոսլավ Վակարչուկի հետ: Այն հանգամանքը, որ «Океан Ельзи»-ի՝ Ռուսաստանում կայանալիք համերգը հակառուսական հայացքների պատճառով հետաձգվեց, խմբի ղեկավարին չի կանգնեցնում. նա շարունակում է պայքարել հանուն արդարության: