18:52 , 2 մարտ, 2014
Որպես հայ մարդ ու մտավորական, որպես մեկը, ում ծննդավայրը Ռուսաստանի Դաշնությունն է, խստորեն դատապարտում եմ ռուսաստանյան ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված Ռուսաստանի անօրինական քայլերը համարում եմ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բազմաթիվ բանաձևերի կոպիտ խախտումներ:
Մի պետության կողմից կողմից մեկ այլ պետության ներքին խնդիրներին միջամտելը համարում եմ անընդունելի, իսկ ռազմական գործողությունների իրականացումը դիտարկում եմ մարդկության դեմ գործվող ծանր հանցագործություն, քանզի ցանկացած ռազմական գործողություն ծնում է ծանր հետևանքներ, մեծացնում անմեղ զոհերի թիվը...
Ռուսաստանն իրավունք չունի մարդկանց զրկելու ապրելու իրավունքից, վնասելու Ուկրաինայի խաղաղությանը:
Չեմ կարող անտարբեր մնալ Ղրիմում ապրող մի քանի տասնյակ հազար իմ հայրենակիցների ճակատագրերին: Ղրիմը դարեր շարունակ նաև բազմաթիվ հայերի հայրենիքն է, ուստի այսօր Ռուսաստանը սպառնում, է նաև մեր հայրենակիցների կյանքին ու ապահովությանը:
Մեկ անգամ ևս բողոքի ձայն բարձրացնելով ռուսաստանյան ագրեսիայի դեմ, կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, Ազգային ժողովին, բոլոր քաղաքական ուժերին՝ վերաբերմունք արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, հանդես գալ ի պաշտպանություն Ղրիմի հայկական համայնքի, միաժամանակ զգուշացնել Ռուսաստանին, որ ցանկացած ռազմական գործողություն Ուկրաինայում կարող է իր անդրադարձներն ունենալ Հարավային Կովկասում՝ այսպես սկիզբ դնելով նոր տարածաշրջանային պատերազմի...