10:44 , 2 մարտ, 2014
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ուկրաինա զորքեր մտցնելու Պուտինի որոշումը այդ երկրի սուվերենության խախտման «ակնհայտ խախտում է»: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Օբամա-Պուտին հեռախոսազրույցը տեւել է մեկուկես ժամ: Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը խորը անհանգստություն է արտահայտել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ վերջին երկու օրերի ընթացքում կատարած գործողություններով, եւ կոչ է արել Պուտինին նվազեցնել լարվածությունը:
Օբաման կոչ է արել դուրս բերել իր զորքերը եւ ետ տանել Ղրիմի ռուսական ռազմաբազա, ինչպես նաեւ զերծ մնալ Ուկրաինայի գործերին ցանկացած միջամտությունից:
ԱՄՆ նախագահը նաեւ Ռուսաստանի գործողություններն անվանել է «միջազգային իրավունքի խատում» եւ ընդգծել, որ դրանք կհանգեցնեն «քաղաքական եւ տնտեսական լուրջ մեկուսացման»:
Օբամայի խոսքով, որպես առաջին քայլ ԱՄՆ-ն սառեցնում է Սոչիում կայանալիք Մեծ Ութնյակի գագաթաժողովին իր մասնակցությունը: «Մոսկվայի միջազգային իրավունքը խախտող գործողությունների շարունակությունը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի խորը տնտեսական եւ քաղաքական մեկուսացման»,- ընդգծել է Ամերիկայի նախագահը:
«Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշի իր ապագան»,- ասել է Օբաման:
Նա Ուկրաինայի նոր կառավարությանը խոստացել է լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որը կուղղվի ֆինանսական անվտանգությանը, ինչպես նաեւ աջակցություն տնտեսական բարեփոխումների, հաջող ընտրություների անցկացման, եւ Ուկրաինայի ժողովրդավարական դառնալու ցանկությանը: