Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջացնել դաջվածքները


03:26 , 2 մարտ, 2014

Aroxj.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի և Դանիայի գիտնականները պարզել են, որ դաջվածքները կարող են լինել մահացու: Բանն այն է, որ դաջվածքի թանաքն իր մեջ պարունակում է տոքսիներ, որոնք հավաքվում են մարդու օրգանիզմում: Դրանք որոշ ժամանակ անց վերածվում են քաղցկեղածին մարմինների առաջացնելով հիմնականում մաշկի քաղցկեղ:Գիտնականները նաև նշում են, որ մարմնի գեղեցիկ նկարազարդումը կարող է դառնալ 20-ից ավելի հիվանդությունների պատճառ:

Մասնագետներ. Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջացնել դաջվածքները

<<Վնասակար գործոններ, որպես էդպիսին չկան, ուղղակի հաճախորդը պետք է հետևողական լինի թե ում մոտ է գնում, համոզված լինի, որ այդ ասեղներն օգտագործվում են մեկ անգամ, պահպանվում են  ստերիլ պայմաններ, բոլոր պարագաները ժամկետի մեջ են: Կարևոր են նաև ներկերի որակը և այն պայմանները որտեղ արվում է դաջվածքը:  Մյուս կարևոր պայմանն այն է, որ մասնագետը ճիշտ ներկայացնի այսպես ասած հետդաջվածքային խնամքը, ինչը շատ դեպքերում չի արվում>>,- այս մասին Aroxj.am-ին հայտնեց դաջվաքի մասնագետ Գագիկ Մկրտչյանը:

Մաշկաբան Կարեն Վարդանյանն էլ նշեց, դաջվածք անելը համարվում է փոքրիկ վիրահատական միջամտություն և ցանկալի է, որ արվի բուժհաստատությունում ստերիլ գործիքներով, որակյալ ներկանյութերով. <<Այդ կանոնները չպահպանելու դեպքում հավանական բարդությունները կարող են լինել սկսած տեղային բարդություններից, մինչև ինֆեկցիոն գործոններ անգամ հեպատիտ  B, C, D, A: Անպայման պետք է հաշվի առնել օրգանիզմի անհատական գերզգայունությունը ներկանյութերի նկատմամբ, որոնք կարող են բերել ալերգիկ ռեակցիաների>>:  Բայց քանի որ այսօր գրեթե ոչ ոք դաջվածք չի անում բուժհաստատություններում մաշկաբանը դժվարանում է ասել, թե որքանով են այս կանոնները պահպանվում:

<< Իմ հաճախորդների թվում շատ մեծ տոկոս կազմում են հենց բժիշկները >>,- նշում է Գագիկ Մկրտչյանն ավելացնելով, որ նրանց հետ բազմիցս խոսել են դաջվաքի արդյունքում առաջացող հնարավոր վտանգների մասին և եկել այն եզրակացության, որ  բարդությունները կարող են առաջ գալ միան անորակ ներկանյութերի, բազմակի օգտագործման ասեղների և ստերիլ պայմանների բացակայության հետևանքով: Ինչ վերաբերվում է հեպատիտ C -ին Գագիկը վստահաբար ասում է, որ անգամ այդպիսի խնդիրներ ունեցողների դեպքում կարելի է անհատական վերաբերմունք ցուցաբերել և անել դաջվածքը. << Երբևէ չեն եղել դեպքեր, որ հրաժարվեմ որևէ մեկին դաջվածք անելուց: Հրաժարվում եմ միայն այն դեպքում, եթե հաճախորդը մինչև 18 տարեկան է: Պատճառն այն է, որ այդ տարիքայինները դեռ ուղեղով կազմավորված չեն, բացի այդ էլ մարմինը կազմավորված չէ>>:

Մաշկաբան Կարեն Վարդանյանին դիմում են դաջվածքի արդյունքում առաջացած ամենատարբեր խնդիրներով: Հիմնական պատճառները եղել են տեղային բնույթի ռեակցիաները, որոնք առաջացել են  ներկանյութերի նկատմամբ գերզգայունության հետևանքով. <<Այս խնդիրները հավասարապես հանդիպում են և մշտական և ժամանակավոր դաջվածքների դեպքում: Այնպիսի խնդիր, ինչպիսին քաղցկեղն է, հնարավոր է առաջանա, բայց պետք է նշեմ, որ այդպիսի դեպքերի հավանականությունը շատ քիչ է: Չպետք է մոռանանք, որ  սա համարվում է նաև որոշակի սթրեսային իրավիճակ տվյալ օրգանիզմի և մասնավորապես մաշկի համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում  բազմաթիվ դեպքեր ունեցել եմ: Ինձ թվում է դա պայմանավորված է նրանով, որ դաջվածքները հիմա բավականին մոդայիկ են համարվում հատկապես դեռահասների շրջանում>>:

Մասնագետը նշում է, , որ դաջվածքից առաջացած ալերգիկ կամ  կոնտակտային մաշկաբորբի դեպքում տվյալ հատվածը մշակվում է, բուժվում, անհրաժեշտության դեպքում կաթիլայիններ են նշանակվում ամբուլատոր պայմաններում, իսկ ծանր դեպքերում ստացիոնար բուժման անհրաժեշտություն է լինում:

Դաջվածքների մասնագետ Գագիկ Մկրտչյանն էլ իր հերթին նշում է, որ քաղցկեղ կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խալերի շրջանում արվի դաջվածքը, քորեն ,պոկեն և այլն.<< Եթե մաշկի վրա կան խալեր, ապա դաջվածքը պետք է բավականին հեռու արվի դրանցից: Շատ մեծ կապ ունեն ներկերը հատկապես գունավորները: Շատ դեպքերում լինում են անհայտ ծագման ներկեր: Օրինակ, կարմիր ներկը կարող է վնասակար լինել, որովհետև հենց կարմիր գույն ստանալուց օգտագործվում են բազմաթիվ քիմիական միացություններ>>:

Դաջվածքները խորհուրդ չի տրվում անել շոգ եղանակին, որովհետև  առանց այն էլ մարմինը տաք է լինում և այդ դեպքում վերքը դժվար է լավանում: Չի կարելի այդ շրջանում այցելել լողավազաններ և ժամերով մնալ արևի տակ: Պետք է հետևել բոլոր այն կանոններին, որոնք պահպանում են բոլոր տեսակի բաց վերքերի դեպքում: 

Հեղինակ` Լիլիթ Կարապետյան