23:46 , 1 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Բորուսիա» Դորտմունդ-«Նյուրնբերգ» խաղում, դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ թիմը հաղթեց 3-0 հաշվով:
Խաղից հետո հայ լեգիոները հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Մարզավիճակս կայուն պահելը, իսկապես, մեծ բան է ինձ համար: Ես միշտ հավատացել եմ իմ նպատակներին: Ի վերջո, կարողացա գոլի հեղինակ դառնալ: Կարող էի էլի գոլ հեղինակել: Ես շատ երջանիկ եմ»
Ըստ Մխիթարյանի՝ Գերմանիայի առաջնության նախորդ տուրում «Համբուրգից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (3-0) այս խաղը լավ պատասխան էր. «Այսօր մենք ամեն ինչ արեցինք երեք միավոր վաստակելու համար: «Համբուրգի» դեմ խաղը դուրս էր եկել մեր գլխից եւ նախքան այս խաղը մենք միայն մտածում էինք Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի՝ Սանկտ Պետեբուրգի «Զենիթի» (2-4) դեմ խաղի մասին: Մենք միշտ մտածում ենք նախորդ ու հաջորդ խաղի մասին: Այսօր մենք արժանիորեն հաղթանակ տոնեցինք»:
Հաղթանակը «Բորուսիային» դուրս բերեց մրցաշարային այղուսակի երկրորդ հորիզոնական. «Մրցաշրջանի ավարտին դեռեւս երկար ճանապարհ կա եւ մենք պետք է դեռ շատ խաղեր խաղանք: Պետք է պահպանենք մեր դիրքը եւ հաղթենք բոլոր հնարավոր խաղերում: Մրցաշրջանը երկար է, հետեւաբար՝ այդ ճանապարհը նույնպես»: