Սասուն Միքայելյանը լուսաբացը կդիմավորի Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ (տեսանյութ)


23:03 , 1 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն այսօր ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերի՝ կգիշերի Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ և մարտի 2-ի լուսաբացը կդիմավորի այնտեղ:


Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ էր նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդին՝ Աշոտը, ով նշեց, որ եկել է զոհերի հիշատակը հարգելու։

«2008թ-ին չի հաջողվել լուսացնել մարտի 2-ի առավոտը Մյասնիկյանի արձանի մոտ, այսօր մենք դա կանենք»,- ասաց նա։ Հարցին, թե հայրիկի հորդորով է եկել, պատասխանեց. «Չէ ես որոշել էի, եկել, ես ուզում էի գալ, որովհետև զոհվել են Հայաստանի համար»։


Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանրահավաքին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ ցանկություն չունի այսօր ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին գնահատական տալ:


«Այսօր այդ օրը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Բայց հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Ազատության հրապարակից հնչած նախ վարչապետի հրաժարականի պահանջը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականը պահանջելով՝ իրենք լեգիտիմացնում են Նախագահին, այսօր վարչապետ են ուզում փոխեն, արդեն ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այսինքն ո՞նց կարող է վարչապետ դրվի ոչ ՀՀԿ կուսակցությունից։ Բնական է, որ չի կարող գործի»,- ասաց նա։


Հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա՝ ՀԱԿ-ի հանրահավաքին չմասնակցելը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ոչ մի բանով պայմանավորած չէր։ Մի բան կարամ ասեմ, որ եթե լիներ սգո երթ՝ ոչ թե հանրահավաք, կմասնակցեի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ