18:01 , 13 փետրվար, 2012
Հասկանալով, որ էսօր չեմ կարողանա ինձ որևէ բան ստիպել, դուրս եկա ու ընկա խանութներով (վերջին անգամ նման բան արել եմ հունվարի սկզբին, երբ նոր էի Հայաստանից եկել): Մի քանի մանր-մունր բան ունեի առնելու ու եթե միայն դրանց հետևից գնացած լինեի, ամենաշատը կես ժամից տանը կլինեի... Բայց չէ, ուզում էի խանութներում թափառել ու հետն էլ ինձ ինչ-որ բանով ուրախացնել:
Դրա համար մտա գրախանութ: Հա, գիրք եմ առնելու: Թքած, որ առանց էդ էլ իրերս շատ են, ու չգիտեմ` ոնց եմ ամեն ինչ Գերմանիա հասցնելու: Թքած, որ դարակումս մի տասը գիրք ունեմ, որոնց սկի կեսն էլ չեմ կարդացել: Ասենք, Բեռլինի S-Bahn-ում դրանք մի ամսում կկարդացվեն-կանցնեն: Ինձ պարզապես նոր գիրք է պետք դարակս զարդարելու համար:
Էս գրախանութում երկրորդ ձեռքի գրքեր էլ կան, հետևաբար գրքի վրա շատ փող ծախսելու մեղքի զգացողություն չեմ ունենա: Միայն թե պետք է գտնել ինձ հետաքրքրողները:
Անցնում եմ անգլերենների մոտով: Ոչինչ չի ձգում: Հոլանդերենների մեջ պոեզիա եմ փնտրում: Չգիտեմ ինչու, գլուխս մտել է, որ գնալուցս առաջ պիտի հոլանդացի ժամանակակից պոետի գիրք առնեմ (թե ես ո՞ր օրվա պոեզիա կարդացողն եմ, էն էլ հոլանդերեն): Էլի ոչինչ չձգեց: Մեկ էլ հասա երաժշտական բաժնին:
Կողք կողքի շարված են ռոք ու փոփ հանրագիտարաններ: Բոյս չի հասնում, որ վերցնեմ, թերթեմ: Բայց չեմ էլ ուզում: Չեն ձգում: Հիշում եմ թինեյջըր վախտերս, երբ էդ հանրագիտարաններն իմ երազանքների գրքերն էին, ու ամեն անգամ ծննդյանս օրն ու Նոր տարուն երազում էի, որ դրանից նվիրեն: Հայրս լավ գիտեր դրա մասին, ինքն էլ նվիրում էր: Էդպես լիքը գրքեր եմ կուտակել:
Մեկ էլ աչքովս ընկնում է Ալանիսի մասին մի գիրք: Վերցնում, թերթում եմ: Հայ-հայ է ուզում էի առնել, էն էլ զգում եմ, որ էդ նույն գրքից հերիք չի ունեմ, դեռ մի բան էլ կարդացել եմ: Վերցնում եմ Շերիլ Քրոուի մասին գիրքը, թերթում: Հետո Բոբ Դիլանը, Ժակ Բրելը, Շառլ Ազնավուրը... Թերթում եմ դնում տեղը: Չէ, երաժշտական բաժինն ինձ չի հետաքրքրում: Անցել են էն ժամանակները, երբ երաժշտական հանրագիտարանն ինձ համար սուրբ գիրք էր, իսկ երաժիշտներին վերաբերող ցանկացած տեղեկություն պետք է գրանցվեր հատուկ դրա համար նախատեսված տետրերում, որոնք պիտի որ դեռ Երևանի սենյակումս լինեն: Էդպես լիքը անիմաստ գիտելիք էի հավաքում: Հետաքրքրություն էր, որն օգնում էր ռադիոների բոլոր մրցանակները շահել:
Հիմա կյանքն անհետաքրքիր ու հեշտ է: Նախ, երաժիշտների թողարկած ալբոմների անունները, տարեթվերն ու մյուս մանրամասներն ինձ չեն հետաքրքրում: Երկրորդ, եթե հանկարծ որևէ բան պետք լինի, Գուգոն կա ու կա: Ռադիոներում էլ գաղափար չունեմ ինչ է կատարվում:
***
Մտա գրախանութի մյուս բաժին: Գնեցի Բրյուգեի ու Գենտի տուրիստական ուղեցույց, որը հաստատ երբեք չեմ կարդալու, դուրս եկա` արհամարհելով պատանեկությանս երազանքի գրքերը: