Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանի մասին ասված խոսքը, ջղաձգումներ առաջացրել հենց նրա համախոհների շրջանում


19:42 , 1 մարտ, 2014

Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանի մասին ասված խոսքը, ջղաձգումներ առաջացրել հենց նրա համախոհների շրջանում, որոնք իրենց անհամաձայնությունն ու հիասթափությունն են արտահայտում...

Ես երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի «խփնված» համակիրը չեմ եղել, նրա պաշտոնավարման շրջանում գրել եմ «Մենակյացը Բաղրամյան փողոցից», «Շրջապատ», «Ու՞մ ունկերում էր հնչելու բանականության կոչը» և այլ հոդվածներ, դատապարտել եմ ՀՅԴ դեմ իրականացրած արշավանքը մի շարք հոդվածներով, քննադատել եմ նրա իշխանությունը, սակայն միշտ փորձել եմ լինել օբյեկտիվ, չդեգերել լույսի ու ստվերի արանքում, այլ տարանջատել դրանք, արժևորել Առաջին նախագահի ներդրումները, չմոռանալ նաև քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորման, երկրի թալանի խրախուսման, դիլետանտական ու ամբոխավարական որոշումների մեջ նրա ունեցած դերը...

Բայց այսօր Տեր-Պետրոսյանը որոշակիորեն ցույց տվեց, որ ոչ միայն քննադատում է այն համակարգը, որի ակունքների մոտ ինքն է կանգնած, այն գործիչներին, որոնց համար ինքն է ճանապարհ բացել, այլև հուշում է ճիշտ ուղիներ:
Իսկ այդ ճիշտ ուղիներից մեկը Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթն է, որում ԲՀԿ առաջնորդը պատրաստակամություն էր հայտնել օգտակար լինել երկրին, պետությանը...
Գուցե իսկապես եկել է մի ժամանակաշրջան մեր պետության պատմության մեջ, որ պիտի կառավարությունը հանձնվի այն մարդուն, ով կարող է համարվել ֆենոմեն, ով կարող է գոյավորել կապիտալի հզոր ներհոսքեր...
Այո՛, պետք է ուսումնասիրել մեզ շրջապատող երկրների փորձը, պետք է հետազոտել «վրացական հրաշքը» , որը բլեֆ չէ: 
Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր կանգնած է ճգնաժամի ու վստահության կորստի առջև: Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Իհարկե, կառավարության ողբերգությունը պետք է տեսնել երկրի նախագահի սխալ կադրային քաղաքականության մեջ, երբ նա չուզեց հրաժարվել հին կադրերից, մեր բյուջեի հաշվին հարստացածներից, չուզեց կառավարություն բերել նոր շնչառություն, չուզեց օգտագործել ձևավորված ահռելի երիտասարդական ներուժը: Մեկ-երկու նշանակմամբ հնարավոր չէ հասնել շրջափոխումների: 
Ուրեմն, այսօր պետք է դիմել Ծառուկյանի «դեղատոմսին»: Եվ դա միանգամայն ճիշտ կլինի:

Իսկ որ Ծառուկյանը հարուստ է, թող դա չզայրացնի որևէ մեկին: Միշտ էլ աղքատը թշնամանքով է ընդունում հարուստին, բայց երբ այդ հարուստն ուզում է իր ունեցածը, իր հարստանալու փորձը երկրին փոխանցել՝ պետք է միայն ողջունել: Մանավանդ որ, այդ հարստությունը չի կուտակվել երկրի ունեցվածքի թալանով, ինչպես թաքուստված շատ նախարար-օլիգարխների, պատգամավորների, գեներալների...
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի միակ կառուցողական (ինքը կասեր՝ շինիչ) դրույթը դա էր...