Ի՞նչ էր ուզում ասել Հայրիկյանը Շահնազարյանին իր խորհրդավոր զանգով


18:18 , 1 մարտ, 2014

Ի՞նչ էր ուզում ասել Հայրիկյանը Շահնազարյանին իր խորհրդավոր զանգովArmnewstv.am-ը գրում է.

Թերծանրաբեռնված ԱԻՄ գազելի կանգառը` Բաղրամյան 26-ն է: Ուղևորն իջավ հանդիսավորությամբ, ձեռքին դրոշ է` Եվրամիության աստղերով: Պարույր Հայրիկյանը ուղերձ է բերել նախագահական` Մարտի 1-ը բացահայտելու պահանջ-առաջարկով: Իր հետ հուշող պաստառներ է բերել: Մոտեցավ, տեսավ Դավիթ Շահնազարյանի համախոհներն են մայթը տնօրինում: Առանձնացավ: ՀԱԿ-ականներին չմիացավ ու պնդեց` հանրահավաքին էլ չի միանա: Լևոնահավաք ասաց, մի երկու բնորոշում հիշեց, «ԿԳԲ գործակալ» արտահայտությունն էլ չմոռացավ:

Երկու մետրի վրա` Հայրիկյանի աջ թևին, Տեր-Պետրոսյանի խնամին է: Մեղադրանքն իր աղջկա նախկին սկեսրայրի հասցեին Դավիթ Շահնազարյանը չլսել չէր կարող: Բառը բերանից չէր թռել, ձեռքը գրպանը տարավ: Հեռախոսն է զանգում: Նայեց, զանգողի համարը տեսավ, ապշեց` չի կարող պատահել` 2 մետրի վրա կանգնած Հայրիկյանն է զանգում: Հայրիկյանն իրեն չկորցրեց` հեռախոսն օգնականիս մոտ է: Խորհրդավոր զանգից հետո շահնազարյանականները հեռացան: ԱԻՄ-ականները նամակը փոխանցեցին նախագահական ու գաղտնի ժողովի հավաքվեցին: Հանգիստ, առանց գազելի, կգնան, իրենց հրապարակով կանցնեն` հրապարակն Ազատության է, Լևոնինը չէ: Քայլելու հատուկ կարգ կա` մնալ իրար մոտ և իրարից հեռու: Գրպանները դատարկ չթողնել` մեկի մեջ հայտարարությունը պահել, մյուսի մեջ` կարմիր սուլիչը: Քայլելու համար ամեն ինչ պատրաստ է: Մնում է իրենց համարները հիշեն` ով ում հետևից գնա` 43-ը 44-ի...Հայրիկյանի համարն անհայտ մնաց` երթի մեջ նա չկա: Ամեն դեպքում սկզբում չերևաց: Մյուսները` առաջ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ