Մակրոաշխարհի գլուխգործոցները՝ լուսանկարիչ Շիքեյ Գոհի ֆոտոշարքում (25 Photo)


20:00 , 1 մարտ, 2014

Լուսանկարիչ Շիքեյ Գոհը բնակվում է Ինդոնեզիայում: Նա խորացել է մակրոլուսանկարչության մեջ: Միջատները նրա ֆոտոխցիկի առաջ այնպես են պահում իրենց՝ ասես պրոֆեսիոնալ մոդելներ լինեն: Ստորև ներկայացված են Շիքեյի լուսանկարչական աշխատանքները, ինչպես նաև մի հատված նրա հարցազրույցից:

-Մի քանի բառով պատմեք ձեր մասին:

Ես լուսանկարիչ Շիքեյ Գոհն եմ: Բնակվում եմ Բաթամ կղզում, որը Սինգապուրից նավով 45 րոպե հեռավորության վրա է գտնվում: Ես ապրում եմ իմ ընտանիքի և 3 երեխաների հետ:

-Ի՞նչ ներշնչանքի աղբյուր ունեք, որն օգնում է ձեզ այսպիսի հիանալի մակրոլուսանկարներ ստեղծել:

-Մակրոլուսանկարչությունը լուսանկարչության շատ հետաքրքիր ուղղություն է ինձ համար: Դրա շնորհիվ ես կարողանում եմ տեսնել այն աննշան ու յուրօրինակ արարածներին, որոնք անտեսանելի են անզեն աչքի համար: Հենց դա էլ այս ուղղությունը այնքան առանձնահատուկ ու գայթակղիչ է դարձնում ինձ համար, որ ես չեմ կարողանում կտրվել աշխատանքից:  

-Որո՞նք են մակրոլուսանկարչության բարդությունները:

-Ինձ համար սկզբում շատ դժվար էր մակրոլուսանկարչությամբ զբաղվել: Գաղտնիքը համառության մեջ է: Ես բազմաթիվ փորձարկումներ եմ արել և բազմաթիվ սխալներ թույլ տվել իմ աշխատանքում: Դա բարդ ժամանակ էր, մի ժամանակ, երբ մարդիկ արհամարհանքով էին վերաբերվում իմ լուսանկարներին, սակայն ես ոչ մի պահ չհանձնվեցի: Լինում էին պահեր, երբ ես ցանկանում էի հրաժարվել լուսանկարչությամբ զբաղվելու գաղափարից, սակայն ես ուժ էի հավաքում ու շարունակում իմ աշխատանքը: Ես ընթերցում էի, ինտերնետում նյութեր գտնում և շարունակում աշխատել՝ մարտահրավեր նետելով ինքս ինձ ու փորձելով նորանոր բաներ բացահայտել ինձ համար:

-Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ սկսնակ մակրոլուսանկարիչներին:

-Մակրոլուսանկարիչները հաճախ աշխատում են միջատների հետ: Նրանց հետ աշխատելիս փորձեք զգուշորեն շարժվել: Կտրուկ շարժումներ մի արեք, որպեսզի չվախեցնեք նրանց: Փորձեք ըմբռնել միջատների բնավորությունը: Երբեք մի հանձնվեք, շատ կարդացեք, շփվեք այլ լուսանկարիչների հետ, որպեսզի կարողանաք այս կերպ փոխանակվել փորձով ու գիտելիքներով: