16:40 , 1 մարտ, 2014
Եթե ինչ-որ մեկի հետ ծանոթանալուց հետո ցանկանում եք անմիջական շփում հաստատել նրա հետ, անհրաժեշտ է առնվազն հիշել նրա անունը: Եթե շփոթում եք ձեր նոր ծանոթի անունը կամ խուսափում եք նրան անունով դիմելուց լոկ այն պատճառով, որ չեք հիշում նրա անունը, դա կարող է խոչընդոտել հաղորդակցման բնականոն ընթացքը: Psychology Today-ում հրատարակված հոդվածներից մեկում նշվում է, որ անունները մոռանալու խնդիրը տարիքի հետ ավելի է սրվում: Ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի արդյունքների՝ միջին և միջինից բարձր տարիքի մարդկանց 85 տոկոսը մոռանում են անունները:
Անկախ տարիքից մարդկանց անունները հիշելը կարևոր կարողություն է: Այս կարողությունը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր աշխատանքի կամ կյանքի բերումով շարունակ նոր ծանոթություններ են հաստատում: Այսպիսով, մարդկանց դեմքերը և անունները հիշելու ի՞նչ եղանակներ կան:
1. Վիլյամ Շեքսպիրն ասել է. «Չկա մի այնպիսի բառ, որը նույնքան քաղցր հնչի, որքան քո իսկ անունը»: Անունները մտապահելու եղանակներից մեկը կրկնությունն է: Երբ ծանոթանում եք ինչ-որ մեկի հետ, խոսակցության մեջ մի քանի անգամ (միջինում 3) կրկնեք նրա անունը (օրինակ՝ «Ուրախ եմ ծանոթության համար, Մարիա՛մ»): Այդ անձնավորությանը հրաժեշտ տալիս նույնպես անունով դիմեք նրան: Մարդուն անունով դիմելը օգնում է կապ հաստատել ձեր և նրա միջև: Հոգեբաններն ասում են, որ դրանով դուք շեշտում եք, որ տվյալ մարդն առանձնահատուկ է ու գնահատված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ աղմկոտ սենյակում մեր անունը լսելիս մեր ուղեղն ակտիվանում է:
2. Նախքան մարդուն հրաժեշտ տալը կարելի է խնդրել նրա այցեքարտը: Եթե կարծում եք, որ սա հնացած մեթոդ է, ապա նրան խնդրեք ձեզ ավելացնել իր ֆեյսբուքյան ընկերների շարքին:
2. Այն մարդկանց համար, ում մոտ տեսողական հիշողությունն է ավելի լավ զարգացած, նոր անուններ հիշելու այլ եղանակներ կան: Կարելի է նոր ծանոթի դեմքն ու անունն ասոցացնել ինչ-որ տարօրինակ պատկերի հետ, որն առնչվում է այդ մարդու անվան և ամենից աչքի ընկնող արտաքին գծի հետ: Օրինակ՝ Լոշտ անունով մեծ ականջներով մարդուն կարող եք ասոցացնել փղի հետ:

4.
Եթե ծանոթանալիս լավ չեք լսել մարդու անունը, խնդրեք նրան կրկնել այն: Որոշ մարդիկ ձևացնում են, թե լսել են անունը և առաջ անցնում՝ կարծելով, թե անհարմար է խնդրել մարդուն կրկնել իր անունը: Սա սխալ ռազմավարություն է: Եթե դուք լսել եք դիմացինի անունը, սակայն չգիտեք, թե ինչպես է այն ճիշտ արտաբերվում, ինքներդ կրկնեք այդ անունը և հարցրեք՝ արդյո՞ք դուք ճիշտ եք լսել: Եթե ձեր նոր ծանոթն արտասովոր անուն ունի, դուք կարող եք հարցնել անվան ծագման մասին, իսկ եթե ձեր անունը ևս արտասովոր է և դժվարարտասանելի, պատրաստ եղեք ինքներդ էլ պատմել դրա ծագման մասին:
5. Եթե ձեր նոր ծանոթի անունով այլ մարդկանց եք ճանաչում, փորձեք ասոցացնել նրան այդ մարդկանց հետ: Հնարավոր է, որ ձեր անմիջական շրջապատում այդպիսի անունով մարդ չլինի: Այդ դեպքում կարելի է մտաբերել, թե այդ անունով ինչ հայտնի մարդկանց՝ երգիչների, դերասանների, քաղաքական գործիչների կամ պատմական կերպարների եք ճանաչում: Մարդկանց դեմքերը հիշելու համար խորհուրդ է տրվում ձեր մտքում ասոցացնել նրանց այնպիսի մարդկանց հետ, որոնք արտաքուստ նման են նրանց:
Եթե ձեզ հայտնի են մարդկանց անունները մտապահելու այլ եղանակներ,դրանցով կիսվեք մեզ հետ մեկնաբանությունների բաժնում: