Էրդողանի և որդու միջև հեռախոսային խոսակցության ձայնագրության մոնտաժված լինելը չի հաստատվել


13:38 , 1 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ավագ որդու` Բիլալ Էրդողանի սկանդալային հեռախոսազրույցի` համացանցում հայտնված ձայնագրությունների մոնտաժված լինելը չի հաստատվել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, համացանցում հեռախոսային խոսակցությունների հայտնվելուց անմիջապես հետո Էրդողանի շրջապատը հայտարարել էր, որ ձայնագրություններն ուղարկվել են ամերիկյան առաջատար John Marshall Media և Kaleidoscope Sound ձայնագրման ստուդիաներ` պարզելու նրանց իսկական լինելը: Որոշ ժամանակ հետո հայտարարվել էր, թե հիշյալ ընկերություններն իբրև հաստատել են ձայնագրությունների մոնտաժված լինելը:

Սակայն, վերոնշյալ ընկերություններն այսօր հանդես են եկել պատասխան հայտարարությամբ այն մասին, որ այդ ձայնագրությունների վերաբերյալ փորձագիտական գնահատական չեն տվել: Ընկերությունները նաև դատապարտել են Թուրքիայի վարչապետի շրջապատին, որ սուտ տեղեկություններ է տարածում` քողարկվելով հեղինակավոր փորձագետների անվան տակ:

Օրերս համացանցում տարածված ձայնագրություններում Թուրքիայի վարչապետը որդուն` Բիլալին հանձնարարում է շտապ կերպով տանից դուրս բերել մոտ մեկ մլրդ դոլար կանխիկ գումարը և փոխանցել այն որոշ բիզնեսմենների: Որդին պատասխանում է, որ մնացել է ընդամենը 30 մլն եվրո, որը նույնպես դուրս կբերի տանից: Մյուս ձայնագրությունում էլ Էրդողանը Բիլալին հանձնարարում է, որպեսզի զբաղվի նաև եղբոր և քրոջ տներում եղած կանխիկ խոշոր գումարները ապահով վայրում թաքցնելու գործով: