ԱՄՆ-ն և Ռուսաստանը, համատեղ ջանքերով, քաղաքացիական պատերազմի շեմին են հասցրել Ուկրաինան


13:27 , 1 մարտ, 2014

Ըստ էության՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, համատեղ ջանքերով, քաղաքացիական պատերազմի շեմին են հասցրել Ուկրաինան՝ նպաստելով այդ երկրում կասկածելի լեգիտիմություն ունեցող երկու մրցակից բևեռների առաջացմանը: Այդ գերուժերից մեկը ճանաչել է Մայդանի գոյավորած նոր իշխանության իրավաչափությունը, իսկ մյուսը գտնում է, որ Յանուկովիչն է երկրի օրինական նախագահը, ինչն այդ ներքին հակամարտության մեջ ներգրավված կողմերին իրավունք է տալիս նաև ուժի միջոցով փորձել հաստատել սեփական իշխանությունը Ուկրաինայի ողջ տարածքում: Չեմ կարծում, որ մենք այս պահին պետք է կտրուկ և միակողմանի որոշումներ կայացնենք առանձին հենց Ղրիմի մասով, սակայն պետք է պատրաստ լինենք հստակեցնել մեր մոտեցումները մոտակա չորս-հինգ ամիսների ընթացքում՝ ռազմաքաղաքական իրավիճակը մեզ հարող տարածաշրջաններում գնալով ապակայունանում է և պետք է շատ շրջահայաց ու հետևողական լինենք սպառնալիքների գնահատման ու դրանց հաղթահարումն ապահովելու մասով: Չի բացառվում, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջացող ռուս-ամերիկյան տարընթերցումները կարող են նաև կաթվածահար անել Մինսկի խմբի աշխատանքները: Ամերիկացի համանախագահի Խոջալուի ու Սումգայիթի նույնականությունն ակնարկող գնահատականները ևս իմաստ ունի դիտարկել նաև այս համատեքստում: