«Ազատությունը» կանխել է «Մայդանը» 26 տարով


03:49 , 1 մարտ, 2014

Asekose.am-ը գրում է.

Ուկրաինայի  քաղաքական դաշտում  արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:

Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:

Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:

Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:

Ուկրաինական եւ հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եւ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը  Երեւանում: «Ազատության» հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։

Բայց. պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաեւ քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման եւ տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ