02:48 , 1 մարտ, 2014
Hetq.am-ը գրում է.
Մհեր Ենոքյան
«Հետք» կայքի թղթակիցը բանտում
Տարիներ շարունակ հասուն, առողջ տղամարդկանց պահելով բանտում՝ խցի 4 պատերով սահմանափակված տարածության մեջ, չապահովելով աշխատանքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում համակարգը:
Մեծ Բրիտանիայի բանտային համակարգի վերականգնողական ծրագրերն ուսումնասիրելով՝ մտածում էի՝ արդյո՞ք երբևէ մեր երկրում կկիրառվեն այդ նորմերը: Նախ՝ այնտեղ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը հանգիստ գործում է: Երկրորդ՝ բանտի ներսում ցմահ դատապարտյալներն ունեն աշխատանքի հնարավորություն. ոչ մեծ աշխատավարձով գումար են կուտակում իրենց հաշվեհամարներին: Իսկ ազատություն ստանալուց հետո ունենում որոշակի գումար նոր կյանք սկսելու, սոցիալական վատ պայմաններից դրդված նոր հանցանք չկատարելու համար: Այնտեղ կա նաև A-D ռեժիմային համակարգ: Ցմահ դատապարտյալը կարող է հասնել մինչև առանց պատերի բանտ, որը մեր բաց տիպի ռեժիմն է:
18 տարի է՝ բանտում եմ, և առաջին անգամ «Հետք» կայքի շնորհիվ ցմահ բանտարկության լրջագույն խնդրի հետ կապված յուրօրինակ հեղափոխություն է տեղի ունենում. ես՝ ցմահ բանտարկյալս, վարձատրվում եմ բանտային թղթակցություններիս համար: Ուրախ եմ, սակայն համակարգը պետք է գիտակցի, որ առկա է համակարգային խնդիր: Դատապարտյալների գրեթե 90 տոկոսը փաստացի զրկված է օրենքով նախատեսված աշխատանքի իրավունքից:
Քանի որ բանտում գտնվելու 18 տարիներին առաջին անգամ 38 տարեկանում վարձատրվելու եմ հոնորարի տեսքով, որոշեցի պատմել մինչև 20 տարեկանս, այսինքն՝ քաղաքացիական կյանքում մինչև բանտում հայտնվելը ինչպես եմ առաջին անգամ գումար վաստակել: 2-րդ դասարանում մայրս փոքր խալաթ կարեց: Ատամնաբուժական պոլիկլինիկայում, որտեղ հայրս վիրաբուժական բաժնի վարիչն էր, գտնվում էր դպրոցիցս քիչ հեռու: Դասերից հետո գնում էի այնտեղ, հագնում խալաթս, կանգնում հորս կողքին, նայում, թե ինչպես է սրսկումներ կատարում, ատամ հեռացնում: 6-րդ դասարանում առաջին անգամ խիզախեցի, հայրս վստահեց ինձ պատասխանատու գործ: Մի տատիկ էր, ատամը ուժեղ շարժվում էր, բայց նա վախենում էր: Հայրս խնդրեց, որ տատիկը աչքերը փակի: Հորս հասկացրեցի, որ ես փորձեմ: Փորձը փորձանք չբերեց, վայրկյաններ անց հայրս ասաց՝ բացեք աչքերը, ատամը հեռացված է:
Անցան տարիներ, մի քանի անգամ դրանից հետո դարձյալ ատամ հեռացնելու դեպքեր եղան: Բայց այս մեկը կհիշեմ, քանի որ առաջին վաստակածս գումարը հենց այդ օրը եղավ: Մեր ընտանիքին պատկանող ատամնաբուժական պոլիկլինիկայում մենակ էի, ուշ ժամ էր, բժիշկները գնացել էին: Ամուսնական զույգ ներս մտավ, բժիշկ Ենոքյանին՝ այսինքն՝ հորս խնդրեցին, ասացի՝ ես տղան եմ, ատամնաբուժական ֆակուլտետի ուսանող, ասացի, որ կարող եմ ինքս նայել: Վարանելով` համաձայնեցին, քանի որ կնոջ ատամնացավն ուժեղ էր: Հեռացման ենթակա ատամ էր: Ես այս անգամ էլ խիզախեցի, թաքցրեցի հուզմունքս ու… ստացվեց: Հաջորդ օրը կանչեցի վերքի մշակման: Երբ հարցրեցին, թե որքան պիտի վճարեն, գլխով ցույց տվեցի պատին փակցված գնացուցակը: Տանը պատմեցի վաստակածս առաջին գումարի մասին, հայրս բարկացավ, որ առանց իր թույլտվության եմ ատամ հեռացրել: Բայց երբ հաջորդ օրը կինը եկավ վերքը մշակելու, նրա գնալուց հետո հայրս ճակատս համբուրեց:
Հ.Գ. Կարդացի «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի լրագրողական հետաքննությունների մասին գիրքը: Հասկացա, թե որքան բարդ է հետաքննություններ անել, ավելի դժվար է դրանց արդյունքում իրավիճակ փոխել վատից դեպի լավը: Այս մասին դեռ կգրեմ… Արդեն մտածել եմ ռուս ռեժիսորին ուղղվելիք հարցերի մասին, որոնք առաջացել են մտքումս նրա՝ ցմահ դատապարտյալ նախկին զինվորի մասին նկարահանած ֆիլմը նայելուց հետո: Դրանք «Հետքի» օգնությամբ կուղարկվեն ռուս վավերագրողին: Նա էլ, հուսով եմ, կպատասխանի իմ հարցերին: Այդպես կծնվի առաջին հարցազրույցս: Իմ օրինակով ցույց եմ տալիս, որ կամք լինելու դեպքում անգամ ամենասահմանափակ հնարավորություններով կարելի է պայքարել, կարելի է մտովի անցնել բանտի ճաղերից ու հարցազրույցներ անել Ողջերի աշխարհում: