Արյունոտ գարնան ուրվականը շրջում է Հայաստանում…


02:24 , 1 մարտ, 2014

Մարտի 1-ը գարնան առաջին օրն է, խորհրդանշական այն ամսաթիվը, որ ասոցացվում է նորի, հավատի, հույսի հետ։
Վեց տարի առաջ Մարտի 1-ը Հայաստանի պատմության մեջ այլ իմաստ ձեռք բերեց՝ նույնանալով արյան, անմեղ քաղաքացիների գնդակահարության հետ։
Ես արդեն բանտում էի, երբ տեղի ունեցավ այդ աննախադեպ ոճիրը՝ այդ օրն ամենաողբերգականը դարձնելով իմ ու շատերիս կենսագրության մեջ։
Մարտի մեկից հետո՝ ինձ թվում է, որ էլ երբեք գարուն չի գալիս, մեղավորության անբացատրելի մի զգացում ինձ հանգիստ չի տալիս։ Ինձ թվում է՝ ես ապրում եմ էն տաս անմեղ երիտասարդների փոխարեն՝ մսխելով նրանցից յուրաքանչյուրի անավարտ գարունը։
Իշխանության մահաբեր կրակոցները, իմ ու հարթակում կանգնած ընկերներիս կամա թե ակամա անպատասխանատվությունը սպանեցին գարունը, արյունոտեցին բոլորիս կենսագրությունները։
Արյունոտ գարնան ուրվականը շրջում է Հայաստանում։ Ու այդպես լինելու է, քանի դեռ պատժված չեն ոճրագործները, քանի դեռ քաղաքական դաս կոչվածը չի հասկանում իր առնվազն բարոյական պատասխանատվությունը, քանի դեռ Մարտի 1-ը շահարկվում ու ուրացվում է։
…Ու այսօր ես աղոթում եմ անմեղ զոհերի հոգիների համար՝ Աստծուց հայցելով մեղքերիս թողություն…