Արթուր Պետրոսյան. Շալանդը դավանում է տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ


23:59 , 28 փետրվար, 2014

Football365.am-ը գրում է.

Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը շատ լավ է ճանաչում Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին: ՖՈՒՏԲՈԼ 365-ի բացառիկ հարցազրույցը Արթուր Պետրոսյանի հետ:

- Չգիտեմ` տեղյակ եք, թե` ոչ, մի քանի րոպե առաջ «Ցյուրիխի»նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Դուքծանո՞թ եք նրան:

- Այո, իհարկե ծանոթ եմ: Մենք միասին աշխատել ենք: Ես աշխատում էի «Ցյուրիխի» ակադեմիայում, իսկ նա մեր գլխավոր թիմի մարզիչն էր:

- Դուք նրա գլխավորությամբ չեք խաղացել. 2006-ին հեռացաք մեծ ֆուտբոլից` անցնելով մարզչական աշխատանքի, 2007-ին նա դարձավ «Ցյուրիխի» մարզիչը: Ինչպիսի՞ մարզիչ է Շալանդը, կբնութագրե՞ք  նրան:

- Շալանդը շատ փորձառու մարզիչ է: Երկար տարիներ այստեղ աշխատում էր որպես Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ: Երկու անգամ այդ հավաքականի հետ հասել է մինչև Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Հետո «Ցյուրիխի» հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն և մասնակցել է ՉԼ խմբային փուլին:

- Շա՞տ են տարբերությունները «Ցյուրիխում» Ձեր մարզիչ Լյուսյեն Ֆավրի և Շալանդի  միջև:

- Կարելի է ասել, որ «Ցյուրիխի» հաջողությունների սկիզբը դրեց Լյուսյեն Ֆավրը, որովհետև նրա գլխավորությամբ մենք երկու անգամ չեմպիոն դարձանք: Իսկ Շալանդը, կարելի է ասել, շարունակեց Ֆավրի հաջողությունները: Լյուսյեն Ֆավրին չհաջողվեց խաղալ ՉԼ-ում, Շալանդին դա հաջողվել է: Իսկ մարզչական փիլիսոփայությամբ, կարծում եմ, կարիք էլ չկա ասելու, միանգամայն տարբեր են: Բայց պետք է ասեմ, որ երկուսն էլ դավանում են տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ:

-Ասում են` նա փայլուն աշխատանք է տանում երիտասարդների հետ: Դրա մասին կխոսե՞ք:

- Ես արդեն նշեցի, որ նա այստեղ երկար տարիներ Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է եղել: Նա մեծ փորձ ունի երիտասարդների հետ աշխատելու, ու այդ տեսանկյունից, կարծում եմ, կարող է օգտակար լինել նաև մեր երիտասարդական ֆուտբոլին: Այդ առումով նար փորձը շատ հարուստ է:

- Ասում են նաև, որ նա շատ լավ մոտիվատոր է: Ծանո՞թ եք նրա այդ որակներին:

- Նա շատ էմոցիոնալ մարզիչ է ու իր էներգիան փորձում է փոխանցել ֆուտբոլիստներին: «Ցյուրիխում», ամեն դեպքում, դա աշխատեց: Մարդկային որակներն էլ շատ բարձր են: Ես նրան` որպես մարդ, շատ եմ հարգում: Իսկապես, շատ լավ մարդկային որակներ ունի: Հուսով եմ` հավաքականում էլ կկարողանա աշխատել նույն հաջողությամբ:

- Ինչպիսի՞ մարտավարություն է նախընտրում Շալանդը: Կարծես թե մեզ հոգեհարազատ է` մեկ հարձակվողով:

- Գիտե՞ք, մարզիչը տակտիկան ընտրում է` ելնելով իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից: Այնպես որ, հիմա ես չեմ կարող ասել, թե նա Հայաստանի հետ ինչ մարտավարություն կընտրի: Երևի ժամանակ է պետք, պետք է մի քիչ սպասել, մինչև նա գործի կանցնի: Այդ ժամանակ էլ կտեսնենք` թե ինչ մարտավարություն է ընտրելու` ծանոթանալով մեր ֆուտբոլիստների որակներին:

- Ինչպիսի՞ն կբնութագրեք նրա դավանած ֆուտբոլը:

- Կարճ փոխանցումներով, տեխնիկապես զարգացած, հարձակվողական ֆուտբոլ: Ամեն դեպքում, «Ցյուրիխում» այդպես էր: Գուցե, այստեղ կար այդպես խաղալու հնարավորությունը: Այդտեղ նա պետք է ծանոթանա ֆուտբոլիստների կարողություններին, որ կարողանա ընտրել իր մարտավարությունը: Դեռ վաղ է այս մասին խոսելը, բայց նա փորձառու է ու կկարողանա ճիշտ մարտավարություն ընտրել:

- Ի՞նչ կարող է տալ Շալանդը Հայաստանի հավաքականին:

- Հիմա ինչ էլ որ ասեմ, այդքան էլ ճիշտ չի լինի, քանի որ ես այս դեպքում հեռու կանգնած մարդ եմ: Նա կճանաչի թիմը և կորոշի` ինչպես վարվել ու ինչ անել:

- Դուք նրա հետ շփվել եք, ի՞նչ լեզուների է տիրապետում. Ֆրանսերեն, գերմաներեն, անգլերե՞ն:

- Նա շատ լավ է տիրապետում Ֆրասերենին և գերմաներենին: Դա վստահաբար կարող եմ ասել: Անգլերեն, գիտեք, չեմ կարող հաստատ ասել, բայց կարծում եմ, որ անգլերեն նույնպես խոսում է:

ԵՎՐՈ-2016-ում մեր խմբին ծանո՞թ  եք: Ինչպսի՞ն են մեր շանսերը:

-Իհարկե, Հայաստանի հավաքականից սպասելիքները մեծ են, ու դա նորմալ երևույթ է: ԱԱ-ի ընտրական փուլում, չնայած հինգերորդ տեղին, կարծում եմ, հավաքականը հաջող հանդես եկավ, և այս դեպքում նորմալ է, որ մարդիկ մեծ սպասելիքներ ունեն: Բայց, ամեն դեպքում, շատ դժվար խումբ է մեզ բաժին ընկել: Շանսեր, ամեն դեպքում կան: Դժվար է լինելու, բայց խմբից դուրս գալը հնարավոր է:

- Եվ վերջում, Ձեր մաղթանքները Հյաստանի հավաքականին և Շալանդին:

- Ցանկանում եմ, որ Հայաստանի հավաքականը Բերնարդ Շալանդի գլխավորությամբ կարողանար դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Այս պահին դա իմ մեծ ցանկությունն է:

Հարցազրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի