Քաղաքական ճնշո՞ւմ, թե տնտեսական պրոցես


13:42 , 28 փետրվար, 2014

Արմավիրի և Արարատի մարզի շուրջ 120 կազմակերպություններ, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, ջրառի ծավալները խախտելու համար հայտնվել են քրեական գործով անցնելու ռիսկի տակ: Դրանց թվում` ԲՀԿ ղեկավարի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը: Ստուգումների այս գործընթացը հասարակական ակտիվ քննարկան առիթ չէր դառնա, եթե այդ գործով չանցնեին քաղաքական գործընթացի վրա ակտիվ ազդեցություն ունեցող անձանց պատկանող ձեռնարկություններ: «Արարատցեմենտից» բացի, խոսքը խոշոր ձկնաբուծարանների մասին է, որոնց սեփականատերերի թվում շրջանառվում են բարձր պաշտոնյաների անուններ:

Այս գործընթացը սկիզբ առավ այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարությունը ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները գերազանցում են օրենքով նախատեսված չափաքանակը:

ՀՀ Գլխավոր դատախազը երեկ հայտարարել է, որ «հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել ու իրականացվում են մի շարք քննչական գործողություններ, ընդ որում, երկու մարզերում զուգահեռաբար: Քննչական գործողությունների թիրախում հատկապես հայտնվել են տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնց թիվը, ըստ Կոստանյանի, երկու մարզերում հասնում է շուրջ 120-ի»:

«Քննարկման առարկա դառնում է երեք կարևոր ուղղություն` ապօրինի խորքային հորերի առկայությունը, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման փաստերը և ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայությամբ ջրօգտագործման փաստերը»,- նշել է գլխավոր դատախազը:

Անշուշտ քննարկվող թեմայի գլխավոր ինտրիգը խնդրի քաղաքական կամ ապաքաղաքական լինելու հանգամանքն է:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները պնդում են, որ ստուգումները քաղաքական բնույթ ունեն և որ ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչը պայմանավորված է ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթի` իշխանությանն ուղղված քննադատական շեշտադրումներով:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս կապակցությամբ կառավարության նիստում հայտարարել է, որ վերջին օրերի մեկնաբանությունները անհիմն ու անհեթեթ համարում. խնդիրը, որ բարձրացվել է` կապված «Արարատ ցեմենտ» ընկերության հետ, իրականությանը չի համապատասխանում:

Ա. Հարությունյանի խոսքերով` գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում և քանի որ ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով թեստային անջատումներ են կատարվել:

Ըստ նրա` «Արարատցեմենտ» գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, սակայն այս պահին այդ համակարգում վայրկյանում շուրջ 2000 խմ լիտր ջուր է հոսում:

Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանի թիմը պնդում է, որ ճնշում է սկսվել իրենց նկատմամբ, պատասխանել է.

«Ես չգիտեմ` ինչու է համոզված նման պնդում անում: Ես կարծում եմ, որ ես սպառիչ կարողացա ներկայացնել, որ դա ճնշում չէ: Եթե որևէ մեկը ճնշում է համարում այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործով պետք է զննություն անցկացվի ու անցկացվում է ու դա դիտվում է ճնշում, որևէ հիմնավորում չեմ տեսնում: Այստեղ ընդամենը խոսքը քննչական գործողություններ կատարելու մասին է: Որևէ մեկին մեղադրանք դեռևս առաջադրված չէ այդ երկու գործերով, կասկածյալներ ներգրավված չեն, իրականացվում են ու իրականացվելու են քննչական գործողություններ ` անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա»:

Տեսականորեն չբացառելով իշխանության կողմից ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվող ճնշման թեզը, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնել վերոնշյալ խնդրում շահագրգիռ-իրավասու կողմերի ներկայացրած փաստարկ-հիմնավորումներին:

Ինչևէ, եթե խոսք գնար միայն ԲՀԿ-ի ղեկավարին կամ նրա մտերիմներին պատկանող ձեռնարկություններում իրականացվող ստուգումների մասին, ապա դա, անկասկած, կասկածի տեղիք կտար, սակայն երբ խոսք է գնում 100-ից ավելի կազմակերպություններում իրականացվող ստուգումների մասին, այդ թվում` այլ բարձրաստիճան պաշտոնյաների (մամուլում շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանների մասին), ապա իրականում հակասական իրավիճակ է ստեղծվում:

Եթե ծանրակշիռ փաստարկներ կան այն մասին, որ այս գործընթացի նպատակը քաղաքական հետապնդման իրականացումն է, ապա ստացվում է, որ իշխանությունը հետապնդում է իրականացնում ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարի, այլ իր թիմի առանցքային դեմքերի նկատմամբ:

Հակառակ դեպքում դժվար է պրոցեսից տարանջատել ԲՀԿ գործոնը` դա որակելով որպես քաղաքական հետապնդում, իսկ մնացած ձեռնարկությունների մասով, այդ թվում` ՀՀԿ դեմքերին պատկանող, գնահատել որպես սովորական տնտեսական պրոցես: