Իսկ ո՞վ պիտի բարձրաձայնի Օպերային թատրոնի խնդիրները


02:07 , 28 փետրվար, 2014

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի Մագդա-Մարիան Մկրտչյանը հուզվել է՝ կարդալով newsbook.am էլեկտրոնային թերթում տպագրված հոդվածը, և Վանգաներ կոչել բոլոր նրանց, ովքեր գրում են երկրի գլխավոր թատրոնի մասին: Ավելին, գոնե իմ կողմից գնահատված երգչուհին հարցազրույցն ու հոդվածը, երևի հուզված լինելու պատճառով, չի տարբերակել...
Կիսում եմ նրա մտահոգությունը, որ նոր սերնդի երգիչ-երգչուհիների մասին չի գրվում:
Իսկ ո՞վ է գրելու: Լրագրողնե՞րը: Իհարկե, ոչ: Պիտի գրեն երաժշտագետները: Մեր երաժշտագետներից ոմանք շատ վաղուց օպերայի մասին ոչինչ չեն գրում, ոմանք միայն դատական հայցեր են գրում՝ իրենց ապօրինությունները պարտակելու համար, ոմանք էլ խոտան ատենախոսությունների ընդդիմախոսներ են դառնում: Թող գրեն թեկուզ այս թատրոնում աշխատող երկու երգիչ-գիտության թեկնածուներ, որոնք այնքան են մոտ գիտությանը, որքան՝ ես տիեզերագնացությանը: Լրագրողները Տարոն Մարգարյանի ատենախոսության մասին գրեցին, մինչդեռ հենց օպերայում երկու երգիչ թեկնածու դարձան՝ այդպես էլ չիմանալով, թե ինչի մասին է իրենց ատենախոսությունը...
Թատերագետներից միայն ես եմ անդրադարձել օպերային երկու բեմադրության՝ «Սայաթ-Նովա», և «Անուշ»... Հա, գրել եմ նաև «Տրավիատայի» մասին: Սրերով ընդունեցին թատրոնում, ասացին, որ թատերագետն իրավունք չունի գրելու թատրոնի մասին, որովհետև օպերան թատրոն չէ... Իսկ ինձ սովորեցրել էին, որ օպերան երաժշտական թատրոն է... Այդ թատրոնում օրնիբուն գտնվող ու իրեն մեծ բալետագետ համարող Նազելի Սարգսյանը թող գրի, բայց ինչպե՞ս գրի, երբ գիտության թեկնածու այդ տգետը չգիտի, որ օպերան երաժշտադրամատիկական ժանրն է ներկայացնում...
Ես կիսում եմ, իհարկե, շնորհալի երգչուհու մտահոգությունը, բայց ոչ հասցրած վիրավորանքը նրանց, ովքեր գրում են թատրոնի մասին՝ մտահոգությամբ: Հիշեք, թե ինչ կատարվեց, երբ «Առավոտ» թերթում լույս տեսավ իմ հոդվածը թատրոնի մասին: Ամիսներով ինձ չէին բարևում, չէին ուզում լսել ճշմարիտ կարծիք:
Ընդունեք, թե չընդունեք, օպերայի և բալետի թատրոնը խոր ճգնաժամի մեջ է, ինչի հետևանքով հեռանում են տաղանդավոր պարողները (որտե՞ղ է Ռուբեն Մուրադյանը), հեռանում են երգիչները, մինչդեռ մենք համաշխարհային ձայներ ունենք: Եթե դուք եք մտահոգված թատրոնի ճակատագրով, ապա եկեք համակողմանի և լուրջ քննարկում կազմակերպենք, առաջարկություններ հնչեցնենք...
Եթե պատրաստ եք նման խոսակցության:
Իբրև Հայաստանի թատերական գործիչների միության թատերագիտության հարցերով քարտուղար՝ պատրաստ եմ նախաձեռնել այդ քննարկումը...