Վաճառքի են հանվել խոշոր «օբյեկտները»


02:48 , 28 փետրվար, 2014

Armtimes.com-ը գրում է.

list.am-ում տասնյակ հայտարարություններ կարելի է գտնել, որոնք ազդարարում են բավականին խոշոր եւ հայտնի սպասարկման օբյեկտների՝ ռեստորանային համալիրների, բարերի եւ պանդոկների վաճառքի կամ լավագույն դեպքում վարձակալության մասին:

Դեպքերի մեծ մասում սեփականատերերը չեն ցանկանում, որ բացի իրական գնորդներից, ուրիշ մեկն իմանա իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության տալու մասին: Հայտարարություն եւ լուսանկարներ տեղադրելիս սեփականատերերը օբյեկտի մասին ամեն ինչ գրում են, բացի դրա անվանումից: Պատճառները ենթադրելի են՝ ոչ հեռու օրերում հաջողակ համարված գործարարը երկրի պայմանների թելադրանքով թողնում է բիզնեսը, եւ թերեւս ցանկալի չէ, որ այդ մասին անգամ մտերիմ շրջանակներն իմանան:

Այսպես՝ list.am-ում վաճառքի է հանվել՝

Սիրահարների այգու եւ Մարշալ Բաղրամյան մետրոյի անմիջական հարեւանությամբ գործող «Մադագասկար» սրճարանը, ընդհանուրը՝ 450 քմ:

Աջափնյակ համայնքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող հայտնի «Դոլչե» համալիրը:

Երեւանցիներին քաջ հայտնի «Ֆլորիդա» հարսանյաց սրահը, որ գործում էր Երեւան-Սեւան մայրուղու առաջին հատվածում, Աբովյանի ՃՈ պահակակետից ոչ շատ հեռու:

Շտապ վաճառքի են հանվել Դավիթաշենում իրար հարեւանությամբ գործող «Ձոր-1» եւ «Ադորա» ռեստորանները:

Վարձակալության է տրվում Կասկադում գործող «Բուոնո»իտալական ռեստորան-սրճարանը:

Գործակալություններից մեկի միջոցով բավականին թանկ գնով վաճառքի են հանվել մի շարք օբյեկտներ, որոնց միայն գնից կարելի է հասկանալ, որ խոսքը լուրջ կառույցների մասին է:

Ջրվեժում ռեստորանային եռահարկ համալիր է վաճառվում, որի գինը 850 հազար դոլար է: 450 հազար դոլարով վաճառվում է գործող ռեստորան Արաբկիրում: Շքեղ հյուրանոցային համալիր՝ մոտ 4 միլիոն դոլարով, Հանրապետության հրապարակից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա: Այս համալիրն իր մեջ ներառում է 2 հարսանյաց սրահներ, հյուրանոցային համարներ, կարաոկե ակումբ, մանկական սրճարան, սաունաներ, բացօթյա ռեստորան, բիլիարդ ակումբ, մի խոսքով՝ մի ամբողջ կարողություն: Երեւանում վաճառքի է հանված նաեւ 3,8 միլիոն դոլար արժողությամբ մի հանգստյան գոտի:

Երեւանի կենտրոնում՝ Կարապի լճից մի փոքր հեռու գործող ռեստորաններից մեկը նույնպես փակվում է, բայց թե որ մեկն է՝ կարող են իմանալ միայն իրական գնորդները, եթե ցանկանան մոտիկից ծանոթանալ օբյեկտին: Կարապի լճից մի փոքր է հեռու:

Օպերայի շրջակայքում եւս մեկ ռեստորան է վարձով տրվում: Ազատության պողոտայում մեկ գործող ռեստորան վաճառվում է 1,4 միլիոն դոլարով: Եվս մեկ գործող ռեստորան-պանդոկ 850 հազար դոլարով՝ Մերգելյանի հրապարակում: Կարելի է գտնել նաեւ 700 հազար դոլար արժողությամբ ռեստորան՝ Ֆուչիկի փողոցում, 350 հազար դոլարով՝ Պռոշյան փողոցում:

List.am-ում օբյեկտները հիմնականում վաճառքի կամ վարձակալության են հանվել բրոքերային գործակալությունների միջոցով:

Գագիկ Աղբալյան