14:22 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի կարծիքով` գրականությունը օրվա խնդիրների պատասխան տվող չէ, այն ամփոփում է մի տարածություն, որն ավելի խորն է, քան ժամանակը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հաճախ գրողը իր գրվածքներում դեպքերը պատկերում է տասնամյակներ անց, ինչը հնարավորություն է տալիս գրականությունը էլ ավելի որակյալ դարձնել:
Նկարիչ Անատոլի Գրիգորյանն էլ նշեց, որ իր համար զարմանալի է` արվեստագետից հանկարծ ինչ-որ բան են պահանջում. «Ես կարծում եմ, որ իզուր է միջամտել այսօրվա իրադարձություններին: Այսքան խոսել ենք, ոչ մի արձագանք չի գտել, հիմա մտածում ենք` մտածենք մեր ստեղծագործությա՞ն, թե՞ իրադարձությունների մասին:
Զարմանալի է. մենք միջնադարում չենք ունեցել պետականություն, բայց ունեցել ենք արվեստ: 23 տարի է՝ անկախ ենք, բայց ղեկավարությունից ոչ մեկը արվեստագետին ուշադրություն չի դարձնում»:
Ասուլիսին ներկա էր նաև բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը, ում հավաստմամբ` ավելի դաժան ժամանակ չի եղել, քան հիմա է. «Սա միակ պետությունն է, որն ասում է` եթե երկիրը չլքես, սովամահ կլինես: Ես շատ եմ ուսումնասիրել և կարդացել, կարող եմ ասել, որ Հուդան օլիգարխ է եղել, նա երեսուն արծաթով իր սիրելի ուսուցչին խաչել է տվել, հիմա էլ նույնն է մեր օլիգարխների շրջանում. ծախում են երկիրը»:
Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մայա Գրիգորյանն էլ հավելեց, որ այսօր կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ներկայացվում է գրողը և նրա գիրքը, սակայն դրանք ընդգրկում են նեղ սահմաններ, գրքի համատարած պրոպագանդում տեղի չի ունենում: «Ժամանակակից գրողը և նրա գիրքը այդպես էլ ինչ-որ տեղ մնում են հասարակությունից մեկուսացած: Դպրոցներում և բուհերում լավագույն դեպքում ճանաչում են դասականներին: Ես կարծում եմ` ավագ դպրոցները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, և երբ շրջանավարտը գա բուհ, արդեն տեղեկացած լինի, թե ովքեր են ժամանակակից գրողները, ինչ արժեքներ կան գրականության մեջ»,- ասաց նա: