10:07 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում ԵԿՄ 10-րդ համագումարն ու դրա շուրջ տեղի ունեցող քննարկումներն էին: Հնչեցին ամենատարբեր տեսակետներ, յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում հանրությանը ներկայացնել երկրապահների վերաբերյալ սեփական մտորումները: Ամենաուշագրավը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կոչն էր «իրենց երկրապահ համարողներին»՝ մանրամասն ու հանգամանալից պատմել, թե որտեղ են կռվել և արյուն թափել:
ԵԿՄ համագումարին չհրավիրված Մ. Եղիազարյանի այս հայտարարությունը թերևս վիրավորվածության հերթական դրսևորում դիտվեր, եթե չլիներ մի կարևոր նրբություն. նման հայտարարություններ անելուց առաջ չէր խանգարի, որ Արաբոյի Մանվելը նախևառաջ նայեր իր շուրջբոլորը՝ այդպիսի մարդկանց հենց սեփական շրջապատում փնտրելու: Իսկ այդպիսիք նրա շրջապատում կան:
Ինչպես հայտնի է, 2013 թ. վերջին ամիսներին մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում, որից հետո որոշեցին ստեղծել այսպես կոչված «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ»: Ըստ տրամաբանության՝ այդ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեին ռազմադաշտային հրամանատարներ կամ գոնե ազատամարտի հետ որևէ կերպ առնչված անձինք: Բայց, որքան էլ զարմանալի է, Մանվել Եղիազարյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ասլան Գրիգորյանի և այլ ազատամարտիկների հետ այդ խորհրդում ընդգրկվել է նաև լրագրողական որոշ շրջանակներում հայտնի Սուրեն Սարգսյանը, որը վարում է ազատամարտիկների հանրահավաքներն ու նրանց անունից շփվում լրագրողների հետ՝ ներկայանալով որպես ազատամարտիկ և դաշտային հրամանատար:
Սարգսյանը նախկին կամավորականների ու հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնվել է 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, մի քանի անգամ ելույթներ է ունեցել հանրահավաքներին, որից հետո անհետացել է և հայտնվել մեկ էլ ազատամարտիկների հանրահավաքների ժամանակ: Մասնագիտությամբ լինելով լրագրող և ի տարբերություն խորհրդի մյուս անդամների՝ ունենալով հղկված բանավոր խոսք, լսարանի առջև ելույթ ունենալու կարողություններ, լրագրողների հետ շփվելու հմտություններ՝ ընդգրկվել է խորհրդի կազմում՝ որպես հանրահավանքեր վարող: Ազատամարտիկների և լրագրողների շրջանում անցկացված փոքրիկ լրագրողական հետաքննության արդյունքում ի հայտ եկան բավական հետաքրքիր տեղեկություններ Սուրեն Սարգսյանի և նրա «մարտական ուղու» մասին: Շրջապատում «Վանաձորի Սուրեն» ներկայացող «ազատամարտիկ» Ս. Սարգսյանի մասին վանաձորցի մի քանի ազատամարտիկների և ջոկատի հրամանատարների հետ զրույցներից պարզվեց, որ նա բոլորովին անծանոթ է կազմավորված կամավորական ջոկատների մարտիկներին, և այդ ամենը հորինվածք է: Ավելին, վանաձորցի ազատամարտիկները նշեցին, որ պատերազմի տարիներին ռազմաճակատի հայաստանյան կամ ղարաբաղյան որևէ հատվածում չեն հանդիպել «Վանաձորի Սուրենին» կամ լսել նրա անունը՝ որպես դաշտային հրամանատարի: Մեր զրուցակիցները հիշեցին, որ տարիներ առաջ Ս. Սարգսյանը հրատարակել է «Մենք» վերնագրով գրքույկ՝ մի քանի կամավորական ջոկատների անցած մարտական ուղու մասին:
ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մեր աղբյուրները հայտնում են, որ իրենց մոտ չկա մարտական գործողություններին Սուրեն Սարգսյանի մասնակցությունը հաստատող որևէ վկայություն: Միայն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հիշեցին, որ 1990 թ. ՀԱԲ-ի ղեկավարներից մեկը Ս.Սարգսյանին՝ որպես երիտասարդ լրագրողի, իր հետ մեկ անգամ Նոյեմբերյան է տարել, ինչը, սակայն, նրա մասնագիտական գործունեությանն է վերաբերում, ոչ թե մարտական գործողություններին: Ոչ ոք այդպես էլ չի հիշում նրա պատրաստած որևէ ռազմական տեսանյութ: Մարտական գործողություններին Սուրեն Սարգսյանի իրական մասնակցություն չունենալու ուղղակի հավաստումն է նաև այն, որ նա, ունենալով մեծ քանակությամբ հրապարակային ելույթներ, որևէ դեպքի կամ երևույթի վերաբերյալ չի անցկացրել պատերազմական գոնե մեկ զուգահեռ, չի անդրադարձել պատերազմական գեթ մեկ հիշողության, ինչը մարտական գործողությունների մասնակից լինելու դեպքում գործնականում անհնար է: Ի դեպ, «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամները ևս խնամքով շրջանցում են Սուրեն Սարգսյանի ունեցած «մարտական ուղուն» վերաբերող ցանկացած հարց:
Ամփոփելով՝ ստացվում է, որ Սուրեն Սարգսյանը չի մասնակցել Արցախյան ազատամարտին, մինչև 2008 թվականի նախագահական ընտրություններն անծանոթ անուն է եղել ազատամարտիկների շրջանում և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Հանրահավաքային ելույթներում ու լրագրողների հետ շփումների ընթացքում, ազատամարտիկների «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամների ակամա համաձայնությամբ, օգտվելով խորհրդի վարկը և խոսքի պաթոսը պահպանելու անհրաժեշտությունից, Սուրեն Սարգսյանը սկսել է հանդես գալ որպես ազատամարտիկ, ապա աննկատ կերպով դարձել է «դաշտային հրամանատար»՝ այդ կերպ ամրակայվելով հանրության գիտակցության մեջ և ամրապնդելով իր իսկ հորինած լեգենդը «Վանաձորի Սուրենի» մասին:
Դրան զուգընթաց, որպես ջրի երեսին մնալու, լրագրողների և հանրության կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու և ազատամարտիկների խնդիրներով մտահոգ գործչի համարում պահպանելու միակ ելք, Սուրեն Սարգսյանը հասարակական-քաղաքական ցանկացած երևույթի և իրադարձության մասին իսկույն հանդես է գալիս ամենակոպիտ գնահատականներով՝ գերազանցելով անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչներին:
Ի դեպ, ազատամարտիկ ներկայացող և հայրենիքի մասին խոսող Սուրեն Սարգսյանի որդիները չեն ծառայել ՀՀ զինված ուժերում՝ իբր հիվանդության պատճառով: