00:24 , 27 փետրվար, 2014
Ladynews.am-ը գրում է.
Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
-«Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է»,- ասում էր Լևոն Խեչոյանը: Իսկ ի՞նչ կասի Տիգրան Ներսիսյանը:
-Առաջին հերթին՝ կինը կյանք է, կյանքի շարունակությունը. նա է լույս աշխարհ բերում նոր կյանք, նրան է տրված այդ բացառիկ աստվածայինը: Տերը կնոջն է շնորհել լինել ամենագեղեցիկը, ամենացանկալին, ամենահրաշալին, Կինն աստվածային երևույթ է:
-Այսօր հայ տղամարդը կարողանո՞ւմ է գնահատել, մեծարել, կնոջը տալ այն, ինչին կինն արժանի է:
-Ո՛չ:
-Ի՞նչն է խնդիրը:
-Պատճառները տարբեր են և տարաբնույթ. տղամարդու թուլությունները, թերությունները, գայթակղություններին չդիմանալը, ինքնակայացումը, ինքնահաստումը, որոնք ևս Տիրոջ կողմից են տրված: Այս ամբողջ համակարգը խանգարում է, որ նա կնամեծար լինի, փայփայի, գուրգուրի և ամեն ինչ անի, որ կինը մնա այն բարձունքի վրա, որին Աստված դրել է կնոջը: Վերը նշվածները բավարարելու, իրենց «տղամարդկությունը» ցույց տալու պատճառով տղամարդիկ փորձում են կնոջն իջեցնել այդ բարձունքից, այնինչ պետք է վարվեն ճիշտ հակառակ կերպ. դրանում չի կայանում տղամարդկությունը… Տղամարդն ավելի է բարձրանում, երբ կինը մնում է այդ բարձունքում: Ընդհանրապես տղամարդու և կնոջ մասին շատ կան հանճարեղ մտքեր և աֆորիզմներ, բայց ես մեկը հիմա կնշեի՝ տղամարդուն կարող ես գնահատական տալ՝ տեսնելով, թե ինչպիսի կին է իր կողքին:

-Իսկ եթե կինն այդ բարձունքում չէ, մի՞թե միշտ տղամարդն է մեղավոր:
-Ո՛չ, կան շատ կանայք, ովքեր առանց տղամարդու «օգնության» մոռացել են իրենց աստվածային լինելն ու իջել այդ բարձունքից:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գլխավոր բարդությունը, դժվարությունը, որ կինը հաղթահարում է՝ գտնվելով տղամարդու կողքին:
-Առաջին հերթին՝ տղամարդու՝ գայթակղություններին դիմանալու ունակությունը. տղամարդն ունի գայթակղությունների մի ողջ ներկապնակ, որոնց դիմանալն ու դիմակայելն ամենադժվարն է:
-Իսկ Ձեր կինը Նելլի Խերանյանն ինչպե՞ս է հաղթահարել այդ դժվարությունը, թե՞ դուք նման խնդիրներ չեք ունեցել:
-Լինելով նորմալ տղամարդ՝ ես էլ ունեցել եմ ու ունեմ գայթակղությունների մի ողջ շարք: Իսկ Նելլին, այո՛, դիմացել է իմ թուլություններին, իմ թերություններին, իմ տարբեր հաճույքներին տրվելուն ու կասեմ, որ իր համար բարդ ու շատ ծանր է եղել այդ ամենը:
-Մարկ Տվենն ասում էր. «Երբ իմ և կնոջս միջև կարծիքների անհամաձայնություն է առաջանում, մենք միշտ վարվում ենք այնպես, ինչպես նա է ուզում, և նա դա կոչում է գնալ փոխզիջումների»: Երբ Ձեր և Ձեր կնոջ միջև է կարծիքների անհամաձայնություն առաջանում, ո՞վ է զիջում:
-Հանճարեղ է ասված (ծիծաղում է): Մեր դեպքում փոխզիջումների ավելի շատ Նելլին է գնում. նա է հարթեցնողն ամեն ինչի, չի սիրում սուր անկյուններ թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ: Ես ավելի զգացմունքային եմ եմ, բռնկվող, այդպես եմ ամեն հարցում, մարդկանց դեմքին ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա Ես եմ՝ Տիգրան Ներսիսյանը. հիշեցի Չարենցի հանճարեղ խոսքերը, որ ասում է. «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝ իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու թափով»: Ես էլ եմ ինձ ընդունում այնպիսին, ինչպիսին կամ. ուրախ ու գոհ եմ, որ այսպիսին եմ ծնվել:

-Երբ տիկին Խերանյանի հետ զրուցում էի, հարցրեցի՝ ինչով Ձեզ գրավեց, նա մտածեց և ասաց՝ գուցե Ձեր մայրիկի հետ իր նմանությամբ, կա՞ նման բան:
-Այո՛, կա, բայց պետք է ասեմ՝ այդ ժամանակ չեմ մտածել դրա մասին. դա երևի իմ ենթագիտակցության մեջ է եղել:
-Այդ դեպքում, նրա մեջ ի՞նչը Ձեզ գրավեց միանգամից:
-Բացառիկ լինելը. ինքը բացառիկ էր, ամեն ինչով բոլորից տարբերվում էր: Արտաքինի մասին չեմ էլ ուզում խոսել. ինքը գեղեցիկ էր ու գեղեցիկ է այսօր էլ՝ իր այս տարիքում, որը, ըստ իս, կնոջ համար ամենահետաքրքիր տարիքն է, երբ գեղեցկության մեջ կա իմաստ, տառապանք, բերկրանք, ամեն ինչ:
-Իսկ կասե՞ք՝ ինչն է նրա մեջ նույնը մնացել այս տարիների ընթացքում, այսինքն՝ ինչպես կար, այդպես մնացել է:
-Շատ լավ հարց էր (մտածում է): Կարծում եմ՝ գենետիկ կոդը, որովհետև դա էլ է փոխվում. մարդն իր կյանքի ընթացքում տարբեր ուղղություններով է գնում, դառնում տարբեր արժեքների կրողը, «ստիպված» անում ինչ-որ քայլեր, որոնք իրենը չեն և հենց այդտեղ խախտվում է մարդու գենետիկ կոդը: Նելլիի մեջ այն հաստատ չի փոխվել:

-Պարո՛ն Ներսիսիյան, որքանո՞վ է բարդ ամուսնացած տղամարդու դեր խաղալը, գուցե այն ամենաբարդ դե՞րն է, որ «խաղացել եք»:
-Միանշանակ, այո՛: Իմ բեմական բոլոր դերերը եղել են բարդ, բայց կարող եմ ասել՝ ամենբարդ դերը, որ մինչև հիմա «խաղացել եմ», Նելլիի ամուսնու դերն է:
-Ո՞րն է այդ բարդությունը:
-Ամուսին չես լինում մի օր, մի ամիս կամ արձակուրդներին. ամուսին պետք է լինես անդադար: Նույնն էլ կնոջ դեպքում է. նա էլ երբեք չպետք է դադարի լինել կին:
-Նշեցիք, որ շատ զգացմուքային եք, բռնկվող, իսկ տիկին Խերանյանը չի՞ բողոքում այդ փաստից:
-Իհարկե, բողոքում է. ինձ մոտ ամեն ինչ ծայրահեղ է: Տխրում եմ շա՛տ, ուրախանում եմ շա՛տ. ինչ-որ փոքր խնդիր կարող է դարձնեմ մեծ պատմություն: Նելլին հենց այդ «շատը» փորձում է մեղմել:
-Ստացվո՞ւմ է:
-Ոչ միշտ, բայց ամեն դեպքում զսպում է. հետո, երբ իրավիճակն անցնում է, վերլուծում և հասկանում եմ՝ ինքը ճիշտ էր:
-Էլ ի՞նչ հարցերում է Ձեզ «դիտողություններ» անում, փորձում զսպել:
-Միշտ սիրել եմ և հիմա էլ եմ սիրում ընկերներիս հետ երեկույթների կամ ինչ-որ առիթների ընթացքում խմել, իսկ ինքն ինձ անընդհատ ասում է՝ քիչ խմիր, քիչ խմիր և այնքան է կրկնում, որ ես ամեն ինչ մոռանում եմ, կենտրոնանում իր վրա, ասում, որ բավական է ինձ նույն բանն ասի (ծիծաղում է):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ