Կոլորադոն առաջին անգամ հրապարակել է մարիխուանայի վաճառքից ստացված հարկային տվյալները


22:36 , 26 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Մարիխուանայի իրացումից հարավկոլորադյան Պուեբլո շրջանում հունվար ամսին 56 հազար դոլար հարկային մուծումներ են կատարվել: Այս մասին փետրվարի 25-ին հաղորդել է տեղական The Pueblo Chieftain հրատարակչությունը՝ հղում անելով բյուջետային և ֆինանսական հարցերով շրջանային տնօրեն Քել Համլերին: Պուեբլոն նահանգի առաջին շրջանային կազմավորումն է, որը տեղեկացրել է մարիխուանայի վաճառքից գոյացած հարկային գումարների չափի մասին: 

Մարիխուանայի վաճառքից ստացված գումարներից 3,5 տոկոս հարկ է պահվում: Դրանից հետևում է, որ շրջանում գտնվող թմրանյութեր վաճառող երկու խանութները հունվար ամսին մեկ միլիոն դոլարի մարիխուանա են վաճառել: 

Համլերը նշել է, որ մեկ տարում մարիխուանայի վաճառքից Պուեբլոն կարող է 400 հազար դոլար ստանալ: 

Associated Press-ը, հղում անելով Պուեբլոյի ղեկավարներին, փոխանցել է, որ 2014 թ. շրջանում մարիխուանայի վաճառքից գոյացած գումարները կարող են հասնել 11,2 միլիոն դոլարի: Համեմատության համար հարկավոր է նշել, որ շրջանի տարեկան բյուջեն 165 միլիոն դոլար է կազմում: 

Կոլորադո նահանգում մարիխուանայի վաճառքի 160 օրինական կետ է գործում: Դրանց մեծ մասը գտնվում են Դենվերում: