2001 թվականի սեպտեմբերի 11-ի ամենահակասական լուսանկարը


17:20 , 11 սեպտեմբեր, 2014

Գերմանացի լուսանկարիչ Թոմաս Հոփքերը Magnum Photos-ի անդամներից է: 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին, երբ ահաբեկչական հարձակում կատարվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա, նա բազմաթիվ լուսանկարներ նկարեց, որտեղ պատկերված էին այդ օրվա հետ կապված ավերածությունները: Այնուամենայնիվ, այդ լուսանկարներից մեկը տարբերվում է մնացած բոլորից: Այդ լուսանկարում պատկերված է, թե ինչպես են մի խումբ ամերիկացիներ հանգստանում և զրուցում, մինչ Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները հետևի ֆոնում այրվում են: Այդ լուսանկարն արվել է Բրուքլինի զբոսայգիներից մեկում: Հոփքերը հինգ տարի շարունակ չէր հրապարակում այդ լուսանկարը. նա մտահոգված էր, որ այն կարող էր հակասական արձագանքներ առաջացնել մարդկանց շրջանում: Նրա մտահոգությունը միանգամայն տեղին էր: Երբ 2006 թ.-ին Հոփքերն ի վերջո որոշեց հրապարակել լուսանկարը, հակասական կարծիքներն իրենց սպասեցնել չտվեցին: Ամերիկյան մամուլը հեղեղված էր նկարի մասին տարաբնույթ մեկնաբանություններով:  

Screen Shot 2012-02-10 At 09.56.06

«New York Times»-ում մի հոդված հրատարակեց, որում Ֆրենկ Ռիչը նշում էր, որ այդ լուսանկարի մեջ արտացոլվում է այն հանգամանքը, որ Ամերիկան ի վիճակի չէ դասեր քաղել ողբերգությունից, սովորել սեփական սխալներից և դեպի լավը փոխվել: «Պարոն Հոփքերի լուսանկարում պատկերված երիտասարդները գուցե բնավ էլ անսիրտ արարածներ չեն: Նրանք պարզապես ամերիկացի են: Սա այն երկիրն է, որը սիրում է արագորեն առաջ ընթանալ»: Այլ կերպ ասած, ամերիկացիները հավատում են առաջընթացին, և նրանք վայելում են պայծառ արևը՝ անգամ ավերածությունների մռայլ ֆոնին: Շատերն ասում են, որ այս լուսանկարը վերահաստատում է այն համոզմունքը, որ ամերիկացիները չեն կարող կամ գուցե չեն ուզում ուրիշների մասին հոգալ: Լուսանկարի երիտասարդները շուտով արձագանքեցին մամուլի հրապարակումներին: Ուոլթեր Սիփսերը՝ աջ կողմի տղան, նշել է, որ այդ պահին  իրենք գտնվել են խորը շոկի և տարակուսանքի մեջ: Նա և իր սիրած աղջիկը, որը ևս պատկերված է լուսանկարում, քննադատել են Հոփքերին՝ նշելով, որ վերջինս իրենց առանց թույլտվության է լուսանկարել և սխալ է ներկայացրել իրենց էմոցիաները: Որ տեսանկյունից էլ որ դիտարկենք հարցը, այս լուսանկարը մնում է սեպտեմբերի 11-ի ամենահակասական, բայցև ամենահայտնի լուսանկարներից մեկը: