14:35 , 26 փետրվար, 2014
1. «Յակուձա» կազմակերպությանն անդամակցում է ավելի քան 100.000 մարդ, ինչի շնորհիվ էլ այն աշխարհի խոշորագույն հանցավոր կազմակերպությունն է:
2. «Յակուձա» անունը գալիս է Օիչո-Կաբու խաղից: Սա բլեքջեքի նման խաղ է: Ասում են, որ եթե խաղացողին բաժին են ընկնում «յա-կու-ձա» (8-9-3) քարտերը, նա պարտվում է:
3. «Յակուձա» հանցավոր կազմակերպությունում գործում է իշխանության բրգաձև կառուցվածքը: Պարագլուխը ամենավերևում է, սակայն նրա հավատարիմ ենթակաները ևս օժտված են որոշակի իշխանությամբ: Հավատարիմ մնալով ճապոնական ավանդույթներին՝ այս հանցավոր կազմակերպության անդամները անվերապահորեն նվիրված են իրենց պարագլխին և հնազանդվում են նրան: «Օյաբունը» կամ հայրը պաշտպանում և խորհուրդներով օգնում է «քոբունին» կամ երեխային, իսկ «քոբունից» ակնկալվում է սեփական կյանքն անգամ չխնայել հանուն «օյաբունի»:
4. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Յակուձայի անդամների թիվը հասավ 184.000-ի: Սա կազմում է Ճապոնիայի ոստիկանության կեսը (2010 թ.-ի տվյալներով ոստիկանական անձնակազմի անդամների թիվը կազմում էր 291.475):
5. Պարագլխի հույսերը չարդարացնելու դեպքում յակուձաները ֆիզիկական ծանր պատիժ են կրում: Որևէ առաջադրանքի կատարումը ձախողելու դեպքում նրանց սպառնում է «յուբումիձեն», այն է՝ ճկույթի մի մասի անդամահատումը: Այս արարքի խորհուրդն այն է, որ պատժվածը ավելի մեծ կախում է ձեռք բերում իր վերադասից և ավելի շատ զգում նրա պաշտպանության կարիքը: Մեյձիի ժամանակաշրջանում անդամահատվածը չէր կարողանում նախկինի պես հմտորեն տիրապետել իր թրին:
6. Յոսիո Կոդաման միավորեց Յակուձայի առանձին խմբավորումները և դարձավ առաջին «կնքահայրը»: Նա պատկանում էր աջ թևին և գումար էր տրամադրում լիբերալ-ժողովրդավարական կուսակցությանը: Սա քաղաքական աջ թևին պատկանող հակակոմունիստական կուսակցություն էր:
7. Կոմադան կանգնած էր 1976 թ.-ին ծագած Lockheed-ի սկանդալի հետևում: Այդ սկանդալի հետևանքով Lockheed-ը ստիպված եղավ Ճապոնիայի վարչապետ Կակուեյ Տանակային 3 միլիոն դոլարի կաշառք տալ:
8. Սումոյի մարտերին ներկա են լինում Յակուձայի բազում անդամներ:
9. Կազուո Տաոկան Յամգուչի-գումիի՝ Ճապոնիայի յակուձաների ամենամեծ ընտանիքի «օյաբունն» էր: Նա ստացել է Կումա (արջ) մականունը իր հակառակորդի աչքերը վնասելու համար: Մի անգամ մի մարդ կրակել է նրա պարանոցին, սակայն նա փրկվել է: Շաբաթներ անց նրա վրա կրակած անձնավորության դիակը հայտնաբերել են Կոբեի մոտակայքի անտառներում:
10. Յակուձաները խորապես ներգրավված են Ճապոնիայի պոռնոգրաֆիայի արդյունաբերության մեջ: Սա դեռ ամենը չէ: Նրանք մեծ դեր ունեն նաև սեռական թրաֆիքինգի և զենքերի ապօրինի արտահանման ու ներմուծման մեջ:
11. Յակուձաները հմուտ են նաև շանտաժի և փող կորզելու մեջ: Նրանք «սոկաիյա» անվանմամբ հատուկ խումբ ունեն, որը զբաղվում է շանտաժով: Սոկաիյաները տեղեկատվություն են հավաքում ինչ-որ կազմակերպության՝ մասնավորապես կազմակերպության աշխատակիցների մասին: Հենց որ նրանք ստանում են անհրաժեշտ մանրամասները աշխատակիցների սիրուհիների, զեղծարարությունների, գաղտնի հանդիպումների, ֆինանսական խնդիրների մասին, նրանք իրենց լռության դիմաց գումար են պահանջում: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին:
12. Հայտնի է, որ յակուձաները գործունեություն են ծավալել նաև Ամերիկայում՝ հիմնականում Հավայիում, ինչպես նաև Կալիֆորնիայում, Նևադայում և Նյու Յորքում:
Յակուձաները արմատներ են գցել նաև Կալիֆորնիայում, որտեղ էլ նրանք դաշնակցում են կորեական և վիետնամական հանցախմբերի հետ: Նրանք նաև խորացրել են իրենց ավանդական համագործակցությունը երեք մարդուց բաղկացած չինական հանցախմբերի հետ: Լոս Անջելեսը մասնավորապես գրավիչ է յակուձաների համար, քանի որ այնտեղ հաճախ են գաղթում երիտասարդ դերասանուհիներ, որոնք ձգտում են բարձունքների հասնել կինոարդյունաբերության մեջ:
Ծպտված յակուձաները և նրանց գործընկերները այս կանանց իրենց ծուղակն են գցում՝ ներքաշելով նրանց պոռնոգրաֆիկ կինոնկարների և մարմնավաճառության մեջ: Ճապոնացի տղամարդիկ թե՛ իրենց հայրենիքում, թե՛ սեքս ճանապարհորդությունների ժամանակ տենչում են արևմտյան կանանց՝ մասնավորապես շիկահերներին:
13. Յակուձաները դաժան մահը համարում են բանաստեղծական, ողբերգական և հարգանքի արժանի մահ: Նրանք նաև օգնում են տկարներին ու գողություն անում հարուստներից: Այս ռոմանտիկ կողմերը նպաստում են, որ հանցախմբի անդամները հանրության առաջ երևան շահեկան լույսի ներքո:
14. Յակուձաները ավելի արագորեն արձագանքեցին ցունամիին, քան Ճապոնիայի կառավարությունը: Յակուձաները սննդամթերք, ջուր, վերմակներ և անձնական հիգիենայի պարագաներ մատակարարեցին Ճապոնիայի հյուսիսարևելքի էվակուացիոն կենտրոններին:
15. Յակուձաները որոշակի դեր են խաղում քաղաքական ոլորտում և հարում են աջ թևին պատկանող ազգայնական կուսակցություններին: Սա փոխշահավետ է երկու կողմի համար էլ. յակուձաներն օրենքի սահմաններում միջամտում են քաղաքական հարցերին, իսկ քաղաքական գործիչները յակուձաներին օգտագործում են ապօրինությունների համար: