Ուկրաինական ելքը բացահայտեց, որ հետխորհրդային երկրները կարող են «ոչ» ասել Մոսկվային. Ռիչարդ Կիրակոսյան


14:22 , 26 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինական ելքը ցույց տվեց, որ հետխորհրդային երկրները կարող են «ոչ» ասել Մոսկվային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը` ուշադրություն հրավիրելով այն հետևանքների վրա, որոնք թողեցին Ուկրաինական զարգացումները: Նա նշեց, որ ուկրաինական զարգացումները կունենան ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Ըստ նրա` բացահայտվեց ռուսական ազդեցության սահմանափակությունը, բացահայտվեց նաև այն, որ ՌԴ-ն Ուկրաինայում իրական միջնորդ չի կարղ լինել:

«ՌԴ-ն կորցրեց Ուկրաինային՝ որպես Եվրասիական միության պոտենցիալ անդամի: Երրորդ բացասական ազդեցությունը Պուտինի՝ անձնական վատ վիճակի մեջ հայտնվելն էր: Բացահայտվեց նրա դիրքերի թուլությունը: 

Ուկրաինական ելքը ցույց տվեց, որ հետխորհրդային երկրները կարող են «ոչ» ասել Մոսկվային, այսինքն` ռուսական ազդեցության սահմանները: Մեկ այլ բացասական գործոն էր նաև այն, որ Սոչիի օլիմպիական խաղերի համար ծախսվել էր 50 միլիարդ դոլար, սակայն Ուկրաինայում տեղի ունեցածի արդյունքում ՌԴ իմիջը վնասվեց: Ապագա Ուկրաինայի հեռանկարը կարող է վտանգել ռուսական շահերը: Խոսքը Սևաստոպոլում ռուսական ռազմաբազայի և Ուկրաինայի տարածքով ռուսական գազը հասցնելու գազատարի, Ուկրաինայում ռուս օլիգարխների մասին է:

Վերջին բացասական ազդեցությունը կարող է լինել այն, որ ժողովրդավարական Ուկրաինայի տեսլականը ուժեղ վտանգ կարող է լինել Պուտինի դիրքերին»,- մեկնաբանեց Ռիչարդ Կիրակոսյանը: 

Վերլուծաբանը նաև ասաց, որ որպես դրական ազդեցություն կարող է որակվել այն, որ Պուտինն անձնապես երբեք չի համակրել Յանուկովիչին, այսինքն` Ուկրաինան կորցրեց մի առաջնորդի, ում չի վստահել ՌԴ-ն, երկրորդ դրական ազդեցությունն այն է, որ Ուկրաինայի սահմանին կայունությունը շատ ավելի կարևոր է ՌԴ-ի համար, քան հնազանդվող երկիրը:

Նա նշեց, որ Արևմուտքը նույնիսկ պետք է ընդունի, որ Ուկրաինայի ապագան կախված է ՌԴ-ից: «Այժմյան ռուսական ազդեցության կարճաժամկետ կորուստը կարող է ՌԴ երկարաժամկետ ազդեցության հաստատմանը բերել: Ուկրաինայի ապագայի համար կան մարտահրավերներ. միանշանակ, բաժանման, կիսման վտանգն է, ավելի կարևոր է նոր իշխանության խոցելիությունը. դա բաժանված և վիճարկվող առաջնորդություն ունի, և երբ նոր Ուկրաինայի կառավարման գործընթացն ավելի դժվար է, քան նախկինի տապալումը, իհարկե սնանկության և տնտեսական կործանման վտանգը»,- նշեց նա: 

Հարցին՝ ինչու պարտվեց ՌԴ-ն Ուկրաինայում` քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, որ սկզբում ՌԴ-ն, ինչպես յուրաքանչյուր ոք, անսպասելի իրավիճակում հայտնվեց: «ՌԴ-ն որոշեց անմիջականորեն չներգրավվել, ձեռքերը հեռու քաշել: Սա կարող է նաև նշանակել, որ ՌԴ-ն կփոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ դեպի դրականը. լիահույս եմ, որ ՌԴ-ն կսկսի ավելի շատ հարգել Հայաստանին: Ես հուսով եմ՝ արդարացված է լավատեսությունս»,- այսպես ավարտեց իր խոսքը Ռիչարդ Կիրակոսյանը: