Ինտերնետը նպաստում է, որ մարդիկ երևույթներն ընկալեն մակերեսայնորեն


11:26 , 3 հուլիս, 2012

Ինտերնետի ազդեցությունը մեր հասարակության վրա միանշանակ չէ: Մի կողմ թողնելով հաղորդակցվելն առավել մատչելի դարձնելու հնարավորությունները և դրական այլ էֆեկտներ, փաստեմ, որ ինտերնետաբնակ մարդկանց գիտակցությունը փոխվում է. ինչպես արագ-արագ գնում ես մի էջից-մյուսը, այնպես էլ գիտակցությունդ գնում է մի լուրից մյուսը, չխորանալով պատճառների ու հետևանքների մեջ: Փաստ է, որ ինտերնետը նպաստում է նրան, որ մարդու գիտակցությունը դառնա հատվածային, երևույթներն ընկալի մակերեսային ձևով, այն ինչ գրված է, ընդունի որպես այդպիսին առանց քննելու, և ամենակարևորը՝ երևույթները գալիս-անցնում են գիտակցության միջով՝ առանց կանգ առնելու, ծանր ու թեթև արվելու: Օրինակները շատ են՝ ամիսներ առաջ Ավանում երիտասարդ վարորդի սպանությունը, հանուն բազմամշակութայնության երթերը, Հարսնաքանի դեպքը ու նմանատիպ տասնյակ իրադարձություններ, որոնց վերաբերյալ հնչող դատողությունները, ցավոք, հեռու են իրերի իրական ընթացքը ներկայացնելուց: Իսկ փաստն այն է, որ /Հարսնաքանի օրինակով, քանի որ թարմ է/ սպաները նախ ծառայության մեջ չէին, հետո էլ՝ համազգեստով չէին; որ հասարակության մեծամասնությունը, այդ թվում և՝ բողոքողների մի մասը, ռեստորան ունենալու դեպքում նման իրավիճակում ոչ թե ոստիկանություն կզանգահարեին, այլ իրենց օբյեկտի ախրաննիկներին կասեին՝ <գնա նրանց հարցերը լուծի>; որ նմանատիպ դեպք եղել է նաև օրեր առաջ Իջևանի ռեստորաններից մեկում, և ինտերնետը լռում էր; որ եթե դեպքը տեղի ունենար Ոչ Մեկին պատկանող ռեստորանում, ծեծողը չլիներ թիկնապահ, մահացողն էլ չասոցացվեր պետության հետ, ոչ մի աղմուկ էլ չէր լինի: ԻՆչպես չի եղել տասնյակ դեպքերում: