21:29 , 2 հուլիս, 2012
Դրամի արժեզրկման ամենապարզ բանաձևն ու բացատրությունը հետևյալն է. մարդիկ լքում են երկիրը` իրենց ողջ ունեցվածքը վաճառելով ՀՀ դրամով, այնուհետև այդ դրամը արտարժույթի են վերածում և իրենց հետ տանում: Արդյունքում դրամի քանակությունը շուկայում մեծանում է, արտարժույթինը` պակասում:
Չի կարող արտագաղթ ունեցող երկիրը կայուն արժույթ ունենալ: Էլ չեմ խոսում նրա մասին, որ հայ գործարարները գնալով ավելի շատ են արտասահմանում ներդրումներ կատարում, ինչի արդյունքում, նույն տրամաբանությամբ, երկրից արտարժույթի արտահոսք է տեղի ունենում:
Իրավիճակին փրկության պիտի հասներ տուրիզմը, այն էլ, ցավոք սրտի, ավելի շատ տուրիզմ ենք "ներմուծում" (դրսում սպառում), քան "արտահանում" (երկրում վաճառում):
Չեն փրկում նաև մեր երկրի զարկերակ համարվող տրանսֆերները, սփյուռքի "սրտի զարկերը" թուլացել են ու արդեն քիչ են "արյուն" արտամղում դեպի հայրենիք:
Եվ իհարկե, ոչ մի նոր բան չեմ ասի, եթե պնդեմ, որ դրամի փրկությունը ուժեղ տնտեսության և մարդկանց արտագաղթը կանխելու մեջ է: