Միջամտե՞լ, թե չմիջամտել ներքին գործերին


13:56 , 24 փետրվար, 2014

Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում պարտադիր կենսաթոշակային համակարգի բարեփոխումների թեմային, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծիք էր հայտնել, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին, և ԱՄՆ-ը աջակցելու է կառավարությանն այդ հարցում:

Դիվանագետի մոտեցումները կենսաթոշակային համակարգի բարեփոխումների առնչությամբ հասարակության շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին, ավելին` որոշ շրջանակներ դեսպանին ուղղակի ու անուղղակի ձևով մեղադրեցին Հայաստանի ներքին խնդիրներին միջամտելու մեջ: Հասկանալի է, որ Ջ. Հեֆերնի հայտարարությունը չէր գոհացնում հատկապես համակարգի դեմ ակտիվ պայքարողներին:

Ինչ վերաբերում է դեսպանի` Հայաստանի ներքին խնդիրներին խառնվելու թեզին, ապա ակնհայտ է, որ դա ոչ մի կապ չունի այն երևույթի հետ, ինչում մեղադրում են դեսպանին: Նույն տրամաբանությամբ կարելի է մեղադրանքներ հնչեցնել Եվրոպական խորհրդի հասցեին, քանզի այդ կառույցին Հայաստանի անդամակցումը ենթադրում է բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում:

Նույն տրամաբանությամբ, ԵՄ ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հնարավոր ստորագրումը ևս կարելի էր դիտարկել այդ հարթությունում, քանզի դրա ստորագրումը ենթադրում էր ԵՄ օժանդակությամբ քաղաքական բարեփոխումների հսկայական գործընթաց:

Միգուցե իշխանությունն օգտագործի՞ այս թեզը` որպես այն հիմքերի օրինակ, որոնք նրան ստիպել է չստորագրել Ասոցացման համաձայնագիրը` «կանխելու» այլ երկրների (այս դեպքում 27) միջամտությունը մեր երկրի ներքին գործերին:

Փորձենք տեղի ունեցածին մոտենալ մեկ այլ ռակուրսից. այն քաղաքական շրջանակները, որոնք մեղադրում են դեսպանին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, տարիներ ի վեր Արևմուտքին, այդ թվում` ԱՄՆ-ին, փաստացի մեղադրում էին իշխանության «հակասահմանադրական քայլերն» ու «կեղծված ընտրությունները» անտեսելու ու անհամարժեք գնահատականներ հնչեցնելու մեջ:

Ավելին, վերջին շրջանում համեմատականներ տանելով Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների ու 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետ, որոշ շրջանակներից տեսակետներ են հնչում, որ եթե Արևմուտքը նույնպիսի օժանդակություն ցուցաբերեր հայաստանյան ընդդիմությանը, ապա հնարավոր կլիներ երկրում իշխանափոխություն իրականացնել:

Ստացվում է, որ Արևմուտքի ակտիվ դերակատարությունը` երկրում իշխանափոխություն իրականացնելու հարցում, ներքին գործերին միջամտելու փորձ չէ (կամ արդարացված է), իսկ երկրում բարեփոխումներ իրականացնելու հարցում աջակցությունը` անթույլատրելի ու երկրի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:

Միտք չունենալով վերլուծել արտաքին միջամտության դերի կամ դրա անհրաժեշտության վերաբերյալ տարբեր դիտարկումները, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ հակասությունն ակնհայտ է:

Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ քաղաքացիական ակտիվ խումբ իր համար պետք է հստակ սահմանի, թե ինչ է նշանակում արտաքին միջամտություն և արդյոք դրանց ազդեցությունը պե՞տք է օգտագործել այս կամ այն հարցին հասնելու համար: