Վախճանվել է հայ անվանի աստղագետ Գրիգոր Գուրզադյանը


09:50 , 24 փետրվար, 2014

Փետրվարի 22-ին կյանքի 92-րդ տարում վախճանվեց հայ անվանի աստղագետ Գրիգոր Գուրզադյանը, որի համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունքի են արժանացել գիտնականների կողմից: Նա հայտնի է որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: Լայն և բազմածավալ է Գուրզադյանի ստեղծագործությունը. աստղագիտությունից բացի նա հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ:
Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադում (Իրաք), 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) համալսարանի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: Նույն տարին ընդունվել է ասպիրանտուրա ակադ. Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ և 1948-ին, 26 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով: Գուրզադյանն ըստ էության Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում և գլխավոր անձանցից մեկն էր: Արդեն 1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը: 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն: 1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ: Տասնամյակներ շարունակ դասավանդել է մի շարք դասընթացներ (տեսական աստղաֆիզիկա ԵՊՀ-ում և ճշգրիտ մեխանիկա ԵրՊԻ-ում), 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986-ին` ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
Գուրզադյանի աշխատանքները վերաբերում են միջաստղային տարածության ճառագայթային հավասարակշռության խնդիրներին, աստղասփյուռների ձևաբանական և կինեմատիկական ուսումնասիրությանը, դիֆուզային և մոլորակաձև միգամածություններին, տիեզերական սարքաշինությանը: Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բռնկման տեսություն` հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների վրա: Գուրզադյանը ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր: Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը: 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ («շուրջքրոմների») և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները:
Գուրզադյանը տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկն է: Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն (ԳՄ) և ռենտգենյան դիտումները (առաջին թռիչքը կայացավ 1961թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար բազայից): ՀՍՍՀ ԳԱ հաղորդումներում 1966-ին տպագրված նրա «Հզոր ռենտգենյան բռնկում Արեգակի վրա» աշխատանքը տիեզերական աստղագիտության վերաբերյալ ամենավաղ հոդվածներից է: Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»: 1971-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը: Սակայն գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973-ի դեկտեմբերին: Ստացվեցին մինչև 13-րդ աստղային մեծության աստղերի հազարավոր սպեկտրներ, մոլորակաձև միգամածության արբանյակային առաջին ԳՄ սպեկտրագրությունը` բացահայտելով նախկինում մոլորակաձև միգամածություններում չդիտված ալյումինի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում: Համեմատության համար կարելի է նշել, որ միևնույն ժամանակ ուղեծրում գտնվող ամերիկյան «Սքայլեբ»-ի ԳՄ աստղադիտակն ի վիճակի էր դիտել միայն մինչև 7.5-րդ մեծության աստղերը: Ստացված արդյունքները տպագրվեցին կարևորագույն աստղագիտական ամսագրերում, ներառյալ 3 հոդված հեղինակավոր «Nature»-ում:
Գուրզադյանը հեղինակ է մոլորակաձև միգամածություններին, միջաստղային նյութին և բռնկվող աստղերին նվիրված կարևորագույն տեսական աշխատանքների: Ընդհանուր առմամբ նա տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ. «Ռադիոաստղաֆիզիկա» (1956, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածություններ» («Նաուկա», 1962, ռուսերեն և «Գորդոն էնդ Բրիչ», 1970, անգլերեն), «Բռնկվող աստղեր» («Նաուկա», 1973, ռուսերեն և «Պերգամոն», 1980, անգլերեն), «Աստղային գունոլորտներ» («Նաուկա», 1984, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածությունների ֆիզիկա և դինամիկա» («Նաուկա», 1988, ռուսերեն և «Շպրինգեր», 1997, անգլերեն), «Միջմոլորակային թռիչքների տեսություն» («Գորդոն էնդ Բրիչ», 1996, անգլերեն) և «Տիեզերական դինամիկա» («Ֆրենսիս էնդ Թեյլոր», 2002, անգլերեն): Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:
Գրիգոր Գուրզադյանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին և գիտական հանրությանը։

Հայկական աստղագիտական ընկերություն