Օբաման և Պուտինը կարևորել են Կիևում ստորագրված համաձայնագրի շուտափույթ կատարումը


15:32 , 22 փետրվար, 2014

Օբաման և Պուտինը կարևորել են Կիևում ստորագրված համաձայնագրի շուտափույթ կատարումը Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են ուկրաինական իշխանությունների և ընդդիմության միջև ստորագրված համաձայնագիրը: Այս մասին հղում անելով Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում է «Зеркало недели»  ուկրաինական լրատվական գործակալությունը:

«Խոսելով Ուկրաինայի մասին՝ նրանք մտքեր են փոխանակել այսօր Կիևում կնքված քաղաքական համաձայնագրի արագ կատարման, տնտեսական վիճակի կայունացման, անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև հետագա ուժ կիրառելուց կողմերի հրաժարվելու անհրաժեշտության մասին»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ նախագահ Պուտինը անհրաժեշտ է համարել ուկրաինական իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնության շուտափույթ իրականացումը՝ հասկացնելով, որ Ռուսաստանը կմասնակցի Ուկրաինայում կայունության հաստատման գործընթացին:

«Դա ակնհայտ դրական ազդակ է, որ նախագահները կարողացան քննարկել համաձայնագրի իրականացումը դրական լույսի ներքո: Դա բխում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի շահերից»,- ընդգծել է նա:

Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ի՞նչ է ակնկալում Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրից, որը վերջին պահին հրաժարվեց ստորագրել Վիկտոր Յանուկովիչը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այժմ առաջնահերթություն է ձեռք բերված համաձայնագրի կատարումը, այդ թվում՝ նոր կառավարության ձևավորումն ու արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը, իսկ Եվրամիության հետ գործընկերության հարցը առայժմ հետաձգվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ